15 սեպտեմբերի 2016 - 13:16 AMT
Շավարշ Քոչարյան. Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն մտածել, վերանայել Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումները:

«Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կյանքի չեն կոչվել, մեջբերում է Aysor.am-ը:

«Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Քննարկման առարկա է այն, որ պետք է հրադադարի ռեժիմն ամրապնդվի, վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները», - նշել է Քոչարյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հարցազրույցին, ԱԳ փոխնախարարի պաշտոնակատարը նշել է, թե վերջինս որևէ նոր բան չի ասել.

«Նա վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ռուսական Interfax գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի մասին, հայտարարել է, թե ԼՂՀ կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: