7 մայիսի 2007 - 17:04 AMT
Տիգրան Թորոսյան. Իլհամ Ալիեւի հայտարարությունները ֆանտազիայի ոլորտից են
«Ես գտնում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները ֆանտազիայի ոլորտից են»,-հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում «ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել փուլային ճանապարհով Ադրբեջանին յոթ գրավյալ տարածքները վերադարձնելու մասին»: Նրա խոսքերով, Ի.Ալիեւը երազանքներ ունի եւ, նման հայտարարություններ անելով, Ադրբեջանի նախագահը ընդամենը փորձում է մխիթարանք գտնել Շուշիի ազատագրման 15-ամյակի շեմին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ի.Ալիեւը հայտարարել էր, թե «ընդհանուր պայմանավորվածություն կա փուլային ճանապարհով Ադրբեջանին յոթ գրավյալ տարածքները վերադարձնելու մասին, որին կհետեւի ադրբեջանցիների վերադարձը իրենց հողերը»: Ընդ որում նա պնդում է, որ այդ առաջարկները ընդունել են ինչպես Հայաստանը, այնպես էլ միջնորդները: Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում Ադրբեջանը դեմ չէ այդ տարածքում խաղաղապահների տեղակայմանը, որը Հայաստանի նախաձեռնությունն է»: