Սիրիայի գծով ՄԱԿ ԱԽ նիստը չեղարկվել է. ԱՄՆ-ն դեմ է Մոսկվայի հետ համաձայնության հրապարակմանը

Սիրիայի գծով ՄԱԿ ԱԽ նիստը չեղարկվել է. ԱՄՆ-ն դեմ է Մոսկվայի հետ համաձայնության հրապարակմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեղարկել են Սիրիայի գծով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերի 16-ի երեկոյան, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է հրապարակել Մոսկվայի հետ համաձայնության մանրամասները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ ներկայացնել փաստաթղթերը ԱԽ-ին, չի ցանկանում մանրամասն պատմել դրանց բովանդակության մասին: Մշտական ներկայացուցիչը մտավախություն է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ն կքննարկի Սիրիայի գծով բանաձևը ԱՄՆ լռության ֆոնին և հայտարարել է, որ ռուսական կողմը չի խնդրի ՄԱԿ ԱԽ անդամներին սատարել մի բանի, որի «բովանդակությունը նրանց հայտնի չէ»:

ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչն ասել է, թե մանրամասների հրապարակումը կարող է անդրադառնալ Սիրիայում հումանիտար օգնության տրամադրման անվտանգության ապահովման վրա: Ըստ ամերիկյան կողմի, Վաշինգտոnը ակնկալում է սիրիական հարցի ակտիվ քննարկում բարձր մակարդակով` գալիք շաբաթ համաշխարհային առաջնորդները հավաքվելու են Նյու Յորքում` ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---