Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը $1 մլն-անոց բնակարաններ են ստացել Երևանում

Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը $1 մլն-անոց բնակարաններ են ստացել Երևանում

PanARMENIAN.Net - «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից և ՀԱՕԿ-ից նվեր են ստացել 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ: Ռիոյի հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, գրում է Tert.am-ը:

ՀԱՕԿ-ի կողմից օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ստացել է 300 մ2 մակերեսով բնակարան Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում: «Հայկական ժամանակը» գրում է, որ նույն պարգևին է արժանացել նաև արծաթե մեդալ ստացած 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Արծաթե մեդալակիր +105 կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն արժանացել է 30 մլն դրամի և 4 սենյականոց բնակարանի Գյումրիում, իսկ արծաթե մեդալակիր 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ 30 մլն դրամի:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ստացել է 10 մլն դրամ, ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ 4 սենյականոց բնակարան, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ՝ Արթուր Ալեքսայանի անձնական մարզիչ (Արթուրի հայրը) Գևորգ Ալեքսանյանը ստացել է 10 մլն դրամ, ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Գոռ Մինասյանի անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյանը եւև Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը՝ 5-ական մլն դրամ:

ՀՀ նախագահը անձամբ է շքանշաններն ու պարգևները հանձնել Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում պատվով ներկայացրած մարզիկներին՝ շնորհավորելով Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել Ռիոյում մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար:

«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձևերից զատ, մենք տեսանք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է»:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև կողմնակալ մրցավարության մասին.

«Մեդալներից բացի, մենք տեսանք նաև ցավալի դիպվածներ, իհարկե, նաև անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի և աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նաև՝ բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին և մարզիչներին:

Բացի այդ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մարզիկներին, նրանց մարզիչներին և սպորտի գործիչներին պետական պարգևներով պարգևատրելու մասին։

Նախագահի հրամանագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Մյուս հրամանագրերով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Դավթի Ռոստոմյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սերյոժայի Սոֆոյանը պարգևատրել են պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառաությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում տարած փայլուն հաղթանակի ու մրցելույթի և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Գևորգի Ալեքսանյանը և Միհրան Էդիկի Հարությունյանը ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդներ Գոռ Տիգրանի Մինասյանը և Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՀՀ Նախագահը հրմանագրեր է ստորագրել նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Լևոն Արսենի Ջուլֆալակյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշա մարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ռաֆիկի Ալեքսանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

Սերժ Սարգսյանի հրամանագրերեով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Կարլենի Գևորգյանը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար՝ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Հարությունի Ալավերդյանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Հակոբ Լեռնիկի Փիլոսյանը, ինչպես նաև՝ Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Աշոտ Ցոլակի Փիլոսյանը՝ Երախտագիտության մեդալով:

Բացի այդ, միջազգային խոշոր նվաճումների հասած ըմբիշներ մարզելու և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Ալբերտի Թաթուլյանին նախագահը շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Բացի այդ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար:

Ռիոյի Օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկի է նվաճել: Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---