19 սեպտեմբերի 2016 - 11:57 AMT
Անօթևան ընտանիքներին նվիրաբերած բնակարանների դիմաց հարկ են պահանջում. «Շիրակ կենտրոնը» դիմել է վարչապետին

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով «Շիրակ կենտրոնը» սեպտեմբերի 19-ին դիմել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Դիմումում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ

Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ, հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, Գյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան:

Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: Մեր ձեռնարկները բարեգործական համարելու, այս անհասկանալի հարկային պահանջները և հետագա տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով մենք դիմել էինք Հայաստանի բարձրագույն իշխանություններին:

Մեր դիմումների բոլոր պատասխաները, ցավոք, բացասական էին:

Այս իրավիճակում կազմակերպության գործունեությունը բնականոն հունով շարունակելը դարձել է անհնարին: Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, ու հատկապես հիմա, երբ օրերը ցրտելու հետ հարյուրավոր աղքատ ու անօթևան ընտանիքներ սպասում են ձմռան վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ծրագրի մեկնարկին, մենք պարտադրված ենք դիմել մեր բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարել դրամահավաք: Միաժամանակ մենք անօթևան ընտանիքներին նվիրած բնակարանների համար մեզ առաջադրված հարկային բեռը զիջելու խնդրանքով դիմում ենք Ձեզ»:

Նշվում է նաև, որ օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով կգնեն ևս մեկ բնակարան ու կնվիրեն բազմազավակ որևէ ընտանիքի, իսկ գումարի բավարարելու պարագայում նաև ձմռան վառելափայտ ձեռք կբերեն ու կբաժանեն անօթևան ընտանիքներին:

Մարտի 31-ին «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ Գյումրիում մոտավորապես 2.750 ընտանիք է ապրում տնակներում կամ կիսաքանդված շինություններում, բայց ոչ բոլորի պայմաններն են ծայրահեղ: 3000 տնակ կա, որից 500-ը փակ է՝ մարդ չի ապրում, այսինքն մոտ 2500 ընտանիք է տնակներում բնակվում: Մոտ 200-250 ընտանիք ծայրահեղ վատ պայմաններում է ապրում: Մոտ 500-600 ընտանիք հրաժարվել է բնակարաններից, քանի որ նորմալ պայմաններում են ապրում: Ընդհանուր առմամբ, մոտ 2000 բնակարան է պետք: