20 սեպտեմբերի 2016 - 11:39 AMT
Նալբանդյանն Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքները ներկայացրել է Կանադայի ԱԳ ղեկավարին

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որԷդվարդ Նալբանդյանը կանադացի գործընկերոջը ներկայացրել է 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքները, դրանց վերացմանն ուղղված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված ջանքերը:

Նախարար Դիոնը շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ և նշել, որ շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության համակողմանի խորացման ուղղությամբ ջանքերը։

Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, անդրադարձել միջխորհրդարանական կապերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը։ Երկուստեք կարևորվել է կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը հարաբերությունների խորացման գործում։

Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմին անցումից հետո փոխադարձ այցելություններն աճել են