Ֆինանսների, տրանսպորտի, գյուղատնտեսության ու էներգետիկայի նոր նախարարներ են նշանակվել

Ֆինանսների, տրանսպորտի, գյուղատնտեսության ու էներգետիկայի նոր նախարարներ են նշանակվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ սկսելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը:

Այսպիսով, Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ փոխարինելով Լևոն Յոլյանին:

Մանուկյանը «Հրազդան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն է:

Իգնատի Առաքելյանին նախագահը նշանակել է ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ նախկին Սերգո Կարապետյանի տեղը:

Առաքելյանը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն էր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը՝ փոխարինելով Գագիկ Բեգլարյանին:

Վարդան Արամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար՝ փոխարինելով Գագիկ Խաչատրյանին:

Արամյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, 2008-ից 2013-ը եղել է ՀՀ ֆինանսների փոխնախարար:

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մնացել է իր պաշտոնում:

Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը:

Սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ին Սարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---