Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը. «Իսկանդերներ», «Սմերչեր» ու եռագույն երկինք

Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը. «Իսկանդերներ», «Սմերչեր» ու եռագույն երկինք

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայացել է Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսը, որի հրամանատարն էր Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Սբ Վարդան Մամիկոնյան շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Զորահանդեսն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախի հերոս, մարտական խաչ առաջին աստիճանի և Տիգրան Մեծ շքանշանների ասպետ Սեյրան Օհանյանը:

Զորահանդեսը մեկնարկել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով: Այնուհետև հրապարակում հնչել են ՀՀ ազգային հերոսների, Քառօրյա պատերազմում զոհված հերոսների, զինվորականների անունները։

Հոբելյանական քայլերգի ներքո հրապարակ են բերվել ՀՀ պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը և Աշոտ Երկաթ թագավորի պատվական Սուրբ Խաչը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամբիոնից շնորհավորել է Անկախության տոնը՝ նշելով, որ 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ:

«Իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է: Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն»,- շեշտել է նախագահը:

Զորահանդեսի ընթացքում Հանրապետության հրապարակով անցել են մարտի դաշտում հատուկ հետախուզական խնդիրներ կատարելու համար նախատեսված հետախուզական ստորաբաժանումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ համալրված արդիականացված գնդացիրներով, հեռահար նշանառու, ինչպես նաև ժամանակակից մարտ վարելու այլ գերճշգրիտ սպառազինությամբ, խաղաղապահ ուժերի բրիգադի շարասյունը, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտիկները։

Հրապարակով անցել են անօդաչու սարքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական կայանները, որոնք նախատեսված են ապակազմակերպելու հակառակորդի զենքերի և զորքերի ղեկավարման համակարգերը, ԶՓ-80 տիպի զրահապատ փոխադրամեքենաները, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ:

Հրապարակում ցուցադրվել են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք ՀՀ ԶՈւ մարտական հերթապահության են անցել այս տարվանից:

«Սմերչ» համակարգերի մատակարարումը նախատեսված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմական տեխնիկայի գնման 200 մլն դոլարի վարկային համաձայնագրով:

Հրապարակով անցել են նաև «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ, «Սկադ» օպերատիվ մարտավարական համակարգեր, որոնց խոցման հեռավորությունը կարող է հասնել 300 կմ-ի: Ներկայացվեցին հակաօդային պաշտպանության «ԲՈւԿ» զենիթահռթիռային համակարգերը, որոնց առկայության մասին Զինված ուժերում հայտնի է դարձել միայն զորահանդեսի փորձերի ժամանակ:

Երևանյան երկինքը եռագույնով են ներկել Սու-25 գրոհիչների խումբը և չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչ ինքնաթիռների խումբը:

Հրապարակի տրիբունայում էին նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, բարձրաստիճան զինվորականներ, պատգամավորներ և այլն:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---