12 մայիսի 2007 - 13:57 AMT
Ռոբերտ Քոչարյան. «Ես քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար»
«Ես քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների շարունակության համար: Համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկությունից հետո: Ըդն որում նա հրաժարվել է ասել, թե ում օգտին է տվել իր ձայնը, պատասխան հարց տալով` «Ինչո՞ւ եք ներքաշում ինձ մի անհարմար իրավիճակի մեջ, հետո քննադատելո՞ւ համար»: Հետագա շահարկումներից խուսափելու համար նա չանվանեց նաեւ այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք կցանկանար տեսնել խորհրդարանում, հավելելով, որ «խորհրդարանում պետք է ներկայացված լինեն Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները, այլ ոչ թե արտերկրյա ներկայացուցչությունները տարբեր խմբակցությունների տեսքով»:

Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն կանխորոշում նախագահականները: Նրա խոսքերով, հայկական օրենսդրությունը գործնականում բոլոր ցանկացողներին հնարավորություն է տալիս առաջադրվել նախագահի պաշտոնում: Այլ բան, հավելել է Հայաստանի նախագահը, որ քվեների առավելագույն քանակը ստացած կուսակցությունը, հնարավոր է, որ առավել բարձր մեկնարկային դիրքեր զբաղեցնի եւ խորհրդարանում լուրջ աջակցություն ունեցող քաղաքական գործիչը կլինի նաեւ իրական դեմք եւ պետության իրական ղեկավար: Այդ համատեքստում արժե գնահատել իրավիճակը եւ տեսնել, թե ինչ խորհրդարանական աջակցություն կունենա նախագահի թեկնածության այս կամ այն թեկնածուն: «Կլինի խորհրդարանական մեծամասնության հզոր աջակցություն, ուրեմն, մենք կունենանք ուժեղ նախագահ: Հակառակ դեպքում դա ուղղակի նոմինալ դեմք կլինի»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով երկրի իրավիճակի ապակայունացման հնարավորության մասին հարցին, ՀՀ նախագահը հայտարարեց, որ ոչ մի պատճառ չի տեսնում դրա համար: Նրա խոսքերով, ինչպես նախընտրական գործընթացը, այնպես էլ բուն ընտրությունները մինչ այժմ հանգիստ են ընթանում: Ընդ որում Ռ.Քոչարյանը հավելել է, որ Հայաստանում կան ծայրահեղ ընդդիմության որոշակի ներկայացուցիչներ, որոնք տարօրինակ սովորություն ունեն համառորեն նույն սխալը կատարել, իսկ տարօրինակ սովորությունները մեկնաբանելը բավականին դժվար է: