12 մայիսի 2007 - 14:24 AMT
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին է ներկայացրել Կոսովոյի անկախության մասին բանաձեւը
ԱՄՆ-ն եւ Եվրոպան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին են ներկայացրել մի բանաձեւի նախագիծ, որը հիմք է ստեղծում Կոսովոյի անկախության համար միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը անխուսափելի է համարում: Ռուսաստանը, որը հանդես է գալիս Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցությունները շարունակելու օգտին, առանձին նախնական նախագիծ է ներկայացրել: Համատեղ ամերիկա-եվրոպական նախագծում հաշվի է առնված Ռուսաստանի առաջարկը Կոսովոյի սերբերի իրավունքների պաշտպանության գծով հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ: Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ որոշ կետեր երկու նախագծերում «հստակորեն չեն համապատասխանում իրար»: «Ռուսաստանի կարծիքը կարեւոր է, քանի որ Մոսկվան վետոի իրավունք ունի ԱԽ-ում: Մայիսին ԱՄՆ-ն նախագահում է ԱԽ-ում հերթականության սկզբունքով եւ կցանկանար, որ Կոսովոյի վերաբերյալ բանաձեւն ընդունվի մինչեւ ամսվա վերջ: Մոտակա մի քանի շաբաթներին մենք մտադիր ենք շատ ակտիվորեն զբաղվել այդ հարցերով ՄԱԿ-ում, համոզվելու համար, որ ՄԱԿ-ը հավանություն կտա այն գործընթացին, որը դեպի անկախություն կտանի Կոսովոն»,-հայտարարել է Բերնսը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում:

Սերբիայի նահանգ Կոսովոն ՄԱԿ-ի կառավարաման տակ է գտնվում 1999 թվականից: Ալբանացի բնակչությունը կազմում է Կոսովոյի 2 միլիոն բնակչության 90 տոկոսը եւ վստահորեն կողմ է անկախությանը: Կոսովոյի սերբական փոքրամասնությունը Կոսովոյի ուժերի պաշտպանության տակ է, որոնք իր հերթին ղեկավարվում են ՆԱՏՕ-ի կողմից: ԱՄՆ-ն ու եվրոպական դաշնակիցները ցանկանում են հասնել ՄԱԿ-ի նոր բանաձեւի ընդունմանը` ԱԽ 1244 բանաձեւի փոխարեն, որը ներկայումս որոշում է Կոսովոյի կառավարման կարգը: Նոր բանաձեւը չի նախատեսում անկախության տրամադրում: Փոխարենը նախատեսում է, որ ՄԱԿ-ի վարչական աշխատակիցները կփոխարինվեն Եվրամիության աշխատակիցներով, որը թույլ կտա շարունակել Կոսովոյի համար ուժերի տեղակայումը եւ թույլ կտա Կոսովոյի իշխանություններին անկախություն հռչակել, մնալով միջազգային հսկողության տակ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Միջազգային լրատվական ծրագրերի բյուրոն: