12 մայիսի 2007 - 14:37 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մամուլի համար արված իր հայտարարության մեջ ասել է, որ ԵԽ-ն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունն իր շուտափույթ լուծումը ստանա: Գոհունակություն հայտնելով բանակցային գործընթացում գրանցված առաջընթացի վերաբերյալ, ԵԽ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ «ծավալված ռազմական գործողությունների արդյունքում իրենց տները լքած փախստականները կկարողանան վերադառնալ բնակության նախկին վայրերը»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Եվրոպայի Խորհրդում կայացած երկօրյա հանդիպմանը` Թ.Դեւիսն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը:

Իր հերթին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Սան Մարինոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիորենցո Սթոլֆին կարեւորել է տվյալ խնդրի լուծման ուղիների որոնումն ու քննարկումը: Նա նշել է, որ Եվրոպայի Խորհուրդը շատ է հետաքրքրվում այս հարցով եւ ուշադրության կենտրոնում է պահում ընթացող բանակցային գործընթացը: