12 մայիսի 2007 - 15:32 AMT
Սերժ Սարգսյան. Ես շատ կցանկանայի, որ այս ընտրությունները լավագույնը լինեին Հայաստանի պատմության մեջ
«Ես շատ կցանկանայի, որ այս ընտրությունները ե'ւ ժողովրդի, ե'ւ դիտորդների համար լավագույնը լինեին Հայաստանի պատմության մեջ»,-ասել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը քվեարկությունից հետո: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունների նախնական փուլը Հայաստանում անցավ ժողովրդավարական սկզբունքներին համաձայն: Ս.Սարգսյանը կարծիք հայտնեց, որ հազիվ թե ընտրությունների ընթացքում կեղծիքներ գրանցվեն: Սերժ Սարգսյանը նաեւ բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հնարավորությունները, ընդգծելով, որ առավել մանրամասն այդ մասին կհաղորդվի երեկոյան: «Ես, ինչպես միշտ, շատ բարձր եմ գնահատում ՀՀԿ շանսերը: Ինչ վերաբերում է ընդդիմության այն մեղադրանքներին, թե մենք կիրառում ենք վարչական ռեսուրսը, ապա ես համոզված եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ասել այն, ինչ մտածում է, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում»,-ասել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահն ընդգծել է, որ չի ակնկալում ապակայունացման փորձեր ընդդիմության կողմից: «Ընդդիմությունը Հայաստանում բավականաչափ հասուն է եւ չի խախտի հասարակական կարգը»,-ասել է նա: