Սարգսյանն ընդունել է հայազգի գիտնականներին. Քննարկվել են կրթության և գիտության խթանման հարցերը

Սարգսյանն ընդունել է հայազգի գիտնականներին. Քննարկվել են կրթության և գիտության խթանման հարցերը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ: Սարգսյանը կարևորել է Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երևանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ:

Նմանատիպ միջոցառումները, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլև նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում պատշաճ ներկայացնելու և գիտության զարգացման ժամանակակից միտումներին հաղորդակից դարձնելու համար:

Հանդիպմանը մասնակցող գիտնականները ՀՀ նախագահին ներկայացրել են համաժողովի ընթացքից իրենց տպավորություններն ու միջոցառումից ակնկալիքները:

Սարգսյանը պատասխանել է գիտնականներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել կրթության և գիտության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց շրջանակներում հատկապես երիտասարդ գիտնականներին խրախուսման, նրանց գործունեության օժանդակմանն ուղղված ծրագրերը:

Հայազգի գիտնականները Հանրապետության նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության և կրթության զարգացման խթանման նպատակով համատեղ հետագա համագործակցության շուրջ:

Սեպտեմբերի 22-ին Մատենադարանում մեկնարկել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Համահայկական գիտական համաժողովը»:

Համաժողովում հանդիպում են և իրենց փորձով ու գիտելիքներով փոխանակվում Հայաստան ժամանած բազմաթիվ մեծանուն հայագի գիտնականներ: Համաժողովի շրջանակներում նախատեսված են բաց դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ: ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները պոստերային ցուցադրման միջոցով կներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---