12 մայիսի 2007 - 17:32 AMT
Որոշ փաստեր կան, որոնք մեր լավատեսության վրա ստվեր են գցում
Ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի Ստրասբուրգում կայացած 117-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հուսով է, թե Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք կբերվի ղարաբաղյան խնդրի շուրջ: «Դատելով զուտ բանակցային փաստաթղթի բովանդակությունից եւ այնտեղ ընդգրկված սկզբունքներից, ինչպես նաեւ այն առաջընթացից, որ մենք գրանցել ենք այդ փաստաթղթի առնչությամբ, մենք հույս ունենք, որ հնարավոր է համաձայնության հասնել: Առաջընթացի մի զգալի մասը պայմանավորված է նրանով, որ բոլոր ներգրավված կողմերը հասել են այն ընկալմանն ու համաձայնությանը, որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որ պետք է որոշի իր ապագա կարգավիճակը` հանրաքվեի ու ինքնորոշման իր իրավունքի կիրառման միջոցով»,-նշել է Օսկանյանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նկատել է նաեւ, որ շատ գործոններ կան, որոնք մեր լավատեսության վրա ստվեր են գցում: «Առաջինը, ես մտահոգված եմ, որ մեր բանակցությունների բովանդակությունն ու ոգին չեն համապատասխանում այն հանրային հայտարարություններին, որոնք մշտապես արվում են ադրբեջանական ղեկավարության կողմից: Երկրորդը` Ադրբեջանի կողմից անդադար հնչող հղումները խնդրի հնարավոր ռազմական լուծմանը հակառակ արդյունքն են տալիս, եթե չասեմ` վտանգավոր են: Երրորդը` Ադրբեջանի գործողությունները բոլորովին չեն խթանում վստահությունը: Հակառակը` դիտավորյալ իրականացված բռնությունները, ինչպիսիք են Ադրբեջանի Նախիջեւանի շրջանում հայկական խաչքարերի կազմակերպված ոչնչացումը, անվստահությունն ավելի են սերմանում մեր ժողովուրդների միջեւ:

Այնուհանդերձ, սա սկզբունքների մասին հիմնարար փաստաթուղթ է, որը հավասարակշռված է, պարունակում է առ եւ տուրի արդար դրույթներ, եւ մենք կշարունակենք աշխատել դրա վրա»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: