Քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն. Նալբանդյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ կարգավորման զարգացումները24 սեպտեմբերի 2016 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ անկախության 25-ամյակին, Բաքվի ապրիլյան ագրեսիային, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակմանը և այլ թեմաների: ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այս տարի լրանում է Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի 50-ամյակը և Զարգացման իրավունքի հռչակագրի 30-ամյակը: Այս հիմնարար փաստաթղթերը ամրագրում են, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Ըստ այդմ, նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»: «Ինչպես հայտնի է ՄԱԿ-ի կանոնադրությունն ընդգծում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքը՝ որպես այս կազմակերպության նպատակ: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խաղաղ իրացնելու ձգտմանն ագրեսիվ ռազմական արձագանքը միայն ապացուցում է նման ձգտումների իրավացիությունը և ագրեսորին զրկում է տվյալ ժողովուրդների վրա իշխելու նկրտումներից: Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ: Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ Ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում»,- ասել է նա: Նալբանդյանը նշել է, որ ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին. «Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթնաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին, 1994-1995 թթ.-ի հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում և, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում: Ի հեճուկս այս ամենին, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել և ստեղծել ազատ և ժողովրդավար հասարակություն: Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները»: Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում: «Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակաբար աջակցել և իր ներդրումն է ունեցել կանխարգելման մեխանիզմների մշակման գործում՝ մասնավորապես, Մարդու Իրավունքների խորհրդում պարբերաբար նախաձեռնելով ցեղասպանության կանխարգելման բանաձևեր: «Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ: 2016 թվականին լրանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի առաջին տարին, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր»: Նալբանդյանն անդրադարձել է նաև «2030 օրակարգ»-ում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառմանը՝ նշելով, որ Հայաստանը ողջունում է այն՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ. «Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքների առանցքում դնելու համար Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: Մենք դատապարտում ենք միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը: «2030 օրակարգ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նման գործելաոճը վնասակար է կայուն զագացման համար: Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը»: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի առանցքային դերը նոր և համընդգրկուն օրակարգի իրականացման գործում. «Մենք չենք թերագնահատում մեր առջև կանգնած մարտահրավերները. միաժամանակ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր հնարավորությունները: Ավելի քան յոթ տասնամյակ անց պետք է դրսևորվի այնպիսի տեսլական և մոտեցում, որը հնարավոր լավագույն ապագա կերաշխավորի Կազմակերպության և դրա շուրջ համախմբված ժողովուրդների համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը լիովին հանձնառու է այդ նպատակներին: Սեպտեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը ելույթ էր ունեցել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ՝ ողջունելով Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը և վստահություն հայտնելով, որ հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար Կարդացեք նաև՝Նալբանդյան. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան տեղահանության հերթական ալիքի հանգեցրեց Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |