Եթե Սահակաշվիլին Վրաստան ժամանի, նրա դեմ միջոցներ կձեռնարկվեն

Եթե Սահակաշվիլին Վրաստան ժամանի, նրա դեմ միջոցներ կձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ, եթե նա Վրաստան ժամանի, ըստ սահմանված օրենքի:

Այդպես է մեկնաբանել ՆԳՆ ղեկավարը Սահակաշվիլիի հնարավոր այցը երկիր հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Լինի դա Միխայիլ Սահակաշվիլին կամ ցանկացած այլ քաղաքացի, ոստիկանությունը կգործի ըստ օրենքի: Հենց այդ նորմերով մենք կգործենք, եթե Վրաստան ժամանի Սահակաշվիլին»,-ասել է Մգեբրիշվիլին:

Ավելի վաղ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Վրաստանի խորհրդարանի ընտրություններին: «Թող ոչ ոք չկասկածի և ոչ ոք չընկալի սա որպես սպառնալիք` ես, իհարկե, մտադիր եմ ժամանել Վրաստան և ակտիվորեն ընդգրկվել նախընտրական գործընթացներում: Ես ամենուր եմ այդ մասին ասում, առանց քողարկելու»,-ասել է Սահակաշվիլին:

Նա ընդգծել է, որ շարունակում է ղեկավարել իր հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: «Կասկած չկա, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթի մեր կուսակցությունը, քանի որ դա արարման կուսակցություն է»,-ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2016-ի հոկտեմբերի 8-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն: Սահակաշվիլին առաջին անգամ հայտնել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին 2015-ի փետրվարին` իրավիճակը երկրում անվանելով «աղետալի»:

2015-ի դեկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրեց Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը: Վրաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է Սահակաշվիլիին և, եթե վերջինս հայտնվի Վրաստանի տարածքում, կձերբակալվի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---