Սեպտեմբերի 25-ին UWC Դիլիջան քոլեջում տեղի է ունեցել ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային փուլը:
Մրցույթի մարզային փուլը նորարարական հարթակ է՝ ուղղված Հայաստանի համայնքներում ձեռնարկատերերի որակի և քանակի ավելացմանը։ 2016-ին մարզային փուլը միավորել է 42 ստարտափ Հայաստանի 11 քաղաքից՝ Գյումրիից, Վանաձորից, Դիլիջանից, Իջևանից, Նոյեմբերյանից, Արմավիրից, Արարատից, Սպիտակից, Թալինից, Վարդենիսից, նաև Ստեփանակերտից, և 30 փորձառու մենթորների տարբեր մարզերից:
StartUp Cup-ը բիզնես-մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է առաջնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով:Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ UWC Դիլիջան քոլեջի դեկան Դենիս Դևիդսոնը, ով ընդգծեց միջոցառման կարևորությունը Հայաստանում զարգացած ստարտափ համայնքի ձևավորման համար:
Մրցույթի սկզբում անցկացվել է 20 նոր մենթորների սերտիֆիկացում, ովքեր հետագայում ևս հնարավորություն կունենան իրենց բազմամյա փորձն ու գիտելիքը փոխանցել մարզաբնակ այլ սկսնակ ձեռներեցների՝ ի նպաստ կայուն տնտեսական զարգացման:
Տրամադրված խորհրդատվության շնորհիվ մասնակիցները համապատասխան գիտելիք ու հմտություններ ձեռք բերեցին` ինչպես ցանկացած գաղափար վերածել կենսունակ բիզնես մոդելի, կրճատել շուկա մուտք գործելու ժամանակն ու մեծացնել եկամտի ձեռք բերման աղբյուրները:
Մարզաբնակ մասնակիցներից բացի՝ միջոցառմանը ներգրավված էին նաև UWC Դիլիջան քոլեջի օտարերկրացի աշակերտներ, ովքեր ներկայացրել են հետաքրքիր բիզնես մոդելներ՝ ուղղված Հայաստանում վերամշակման մշակույթի զարգացմանը:
Մրցույթի երկրորդ փուլում մրցելու հնարավորություն ստացան 15 ստարտափ Հայաստանի 7 քաղաքից: Մարզային և միջազգային մենթորների խորհրդատվության օգնությամբ նրանք նախագծել և ընտրող հանձնաժողովին էին ներկայացրել նորարարական լուծումներով բիզնես մոդելներ՝ ուղղված շինարարության, արհեստների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոշտ թափոնների կառավարման, բեռնափոխադրումների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:
Armenia StartUp Cup-ը նպատակ ունի իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին, զարգացնել Հայաստանում ձեռնարկատիրական ներուժը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով, նոր աշխատատեղեր ստեղծել ստարտափների միջոցով: Միջոցառման երկարաժամկետ նկատակն է նպաստել երկրի հավասարաչափ տնտեսական և սոցիալական զարգացմանը:
Հաղթող մասնակիցը որպես մրցանակ կստանա մինչև 1.5 մլն ՀՀ դրամ, որը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություն և ծառայություններ: Հաղթողը նաև եզակի հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները որպես պարգև կստանան 1.000.000 և 500.000 ՀՀ դրամ ու ևս հնարավորություն կունենան ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին և իրենց բիզնեսը ներկայացնելու վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:
Միջոցառման կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:
StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում: 2012թ.-ից ի վեր 208 մրցույթ իրականացվել է 72 երկրում, որին մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ, և արվել է 744,527,056 ԱՄՆ դոլարի չափով ներդրում: