ՊԵԿ. Հարկային օրենսգրքում դրույքաչափի մասով փոփոխություններ են կատարվել

ՊԵԿ. Հարկային օրենսգրքում դրույքաչափի մասով փոփոխություններ են կատարվել

PanARMENIAN.Net - ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները:

«Եկամտային հարկի դրույքաչափերը, որը բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել է. 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում, նախագծով առաջարկված մինչև 120.000 շեմի փոխարեն: Սա նշանակում է, որ գործող 24.4 ու 26-ի փոխարեն արդեն 23 տոկոսն է կիրառվելու»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Միրումյանը հավելել է, թե 2-րդ դրույքաչափը՝ 28 տոկոսը, առաջարկվում է կիրառել ոչ թե 120.000-ից մինչև 1 մլն դրամ միջակայքի համար, այլ առաջարկվում է կիրառել 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ միջակայքի համար, իսկ 2 մլն դրամից ավել աշխատավարձի դեպքում առաջարկվում է կիրառել գործող 36 տոկոս դրույքաչափը:

ՊԵԿ տեղակալը նշել է, որ եղել է դրույքաչափերի արդյունավետ նվազեցում, որի արդյունքում քաղաքացիները եկամտային հարկի նվազեցում կունենան, այսինքն՝ 550.000 քաղաքացի եկամտահարկի տնտեսում կունենա:

Փոփոխության է ենթարկվել նաև շրջանառության հարկի շեմը, որը, ըստ նրա, առաջին ընթերցմամբ սահմանված էր 40 մլն դրամ: «Մշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ: Բոլորին հայտնի էր, որ այս շեմի բարձրացումը սկզբում ժամանակավոր էր: Փաստը ցույց տվեց, որ շրջանառության հիմքում դրված տրամաբանությունը չծառայեց իր նպատակին, ավելին՝ խոչընդոտեց փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։ Խոչընդոտել է ՓՄՁ-ների աշխատանքը և նրանց դրել ավելի պակաս մրցակցային վիճակի մեջ»,- պարզաբանել է Միրումյանը:

Հարկային նոր օրենսգիրքը քննադատում են բիզնեսի, հասարակության, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ: Դրա հիմնական թիրախներից մեկը եկամտահարկի նոր դրույքաչափերն են:

Կարդացեք նաև՝ Վաստակիր ինչպես հայ, հարկվիր ինչպես գերմանացի.Միջին խավը կհարկվի ինչպես բարեկեցիկ Եվրոպայում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---