Նալբանդյան. ԼՂ-ն ձգտում է ժողովրդավարական ուղիով տնօրինել ազատությունը՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա

Նալբանդյան. ԼՂ-ն ձգտում է ժողովրդավարական ուղիով տնօրինել ազատությունը՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով ելույթ ունեցավ հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Մեկ տարի առաջ Փարիզում հրատարակվող «Politique Internationale» հայտնի գիտական հանդեսում լույս տեսավ իմ հոդվածը՝ «Լեռնային Ղարաբաղ. արդյոք տեսանելի է կարգավորումը» խորագրով: Այդ հոդվածում ես ընդգծել էի, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի ձերբազատվել այն պատրանքից, թե ռազմական ուժի միջոցով կարող է միակողմանի առավելություններ ստանալ: Պահանջվեց ընդամենը մեկ տարի այդ իրականության ցայտուն ապացույցներին ականատես դառնալու համար:

Ներկայացնելով ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված և սանձազերծած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները` Նալբանդյանը նշել է, որ դա լրջորեն խաթարել են բանակցային գործընթացը: Նա հակիրճ ներկայացնել է հակամարտության էությունը նրանց համար, ովքեր այդքան էլ տեղեկացված չեն դրա մասին, իսկ այնուհետ անդրադարձել է բուն խնդրին` որոնք են կարգավորման հեռանկարները:

Նախարարը նշել է, որ եռանախագահ երկրների նախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Տվյալ առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

Նալբանդյանը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, քանի որ բանակցող կողմերից մեկը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պատրաստ չէ ընդառաջ գնալ այս առաջարկին և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է տապալել խաղաղ կարգավորման գործընթացը: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները:

Արտգործնախարարը նշել է, որ եթե առկա է հակամարտության կարգավորման ապացուցված որևէ բաղադրատոմս, ապա դրա առանցքը պետք է լինի հասարակությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելը: Վստահության ամրապնդումը մեկ այլ կարևոր հարթակ է, որը նույնպես մեծապես խրախուսվում է միջազգային միջնորդների կողմից, հատկապես ապրիլյան զարգացումներից հետո: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման նպատակով պետք է ստեղծվեն ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ:

Սա էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ մայիսին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վիեննայում կազմակերպված և հունիսին ՌԴ նախագահի կողմից Սանկտ Պետերբուրգում հյուրընկալած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, որը կարող է նաև լինել կանխարգելման մեխանիզմ, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում, որն իրականացնում է հրադադարի դիտարկումներ:

Այս առաջարկությունները նոր չեն, դրանք եռանախագահների կողմից բազմիցս վերահաստատվել են: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը համաձայնություն են տվել դրանց, սակայն Ադրբեջանը մերժել է:

Նալբանդյանն ասել է, որ հատկանշական է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը և անդամ Էլիոտ Էնգելն ավելի քան 80 կոնգրեսականների հետ միասին հավանության են արժանացրել վերոնշյալ առաջարկությունները և վստահության ձևավորման այլ միջոցները: Նրանք կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել շփման գծի երկայնքով հստակ ագրեսիվ գործողությունները: Անշուշտ, պատասխանատվության պետք է ենթարկվի այն կողմը, որը խախտում է հրադադարը, որը հրաժարվում է վստահության ձևավորման միջոցներից, որը մերժում է միջնորդների առաջարկությունները: Հակառակ պարագայում, անպատժելիության մթնոլորտը կխրախուսի ապակառուցողական քաղաքականության շարունակականությունը: Բաքուն միջնորդներին, ներառյալ՝ Միացյալ Նահանգներին, մեղադրում է իսլամաֆոբիայի և Ադրբեջանի դեմ դավադրության մեջ։ Ադրբեջանական կողմը միջնորդներին պիտակավորում է անօգուտ զբոսաշրջիկներ:

«240 տարի առաջ Անկախության հռչակագրով հիմնադրելով անկախ Միացյալ Նահանգներ՝ այս հզոր երկրի հիմնադիր հայրերն ապացուցել են, որ ոչինչ չի կարող ժողովուրդներին զրկել անկախության իրավունքից: Դա այն է, ինչին ձգտում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ժողովրդավարական ուղիով իրենց կյանքը տնօրինելու ազատություն՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա: Այս իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում որպես նպատակ, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե փամփուշտների ուղիով»,-ասել է ԱԳ նախարարն` ավարտելով իր ելույթը Սթենֆորդում:

Դասախոսությանը ներկա էին Սթենֆորդի համալսարանի դասախոսներ, գիտաշխատողներ և ուսանողներ, ինստիտուտի տնօրեն դեսպան Մայքլ Մակֆոլը, որը նշել է, որ մեծ պատիվ է համալսարանական նորամուտից հետո դասախոսությունների շարքը սկսել՝ հյուրընկալելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ առաջին ձեռքից տեղեկանալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---