Կառավարությունը մոտ 100 մլրդ դրամով կնվազեցնի 2017-ի պետբյուջեի ծախսերը

Կառավարությունը մոտ 100 մլրդ դրամով կնվազեցնի 2017-ի պետբյուջեի ծախսերը

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը՝ նշելով, որ որոշակի կրճատումներ են արվել ԾԻԳ-երի մասով:

A1plus.am-ը գրում է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելու է 1 տրիլիոն 360 մլրդ դրամ:

Արամյանը նշել է, որ ամենակարևոր սկզբունքը, որը ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։

«2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է»,– ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին պարտքը երկու տարվա ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից աճել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի։

«Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- հայտարարել է նախարարը:

Վարչապետը հայտարարել է, որ 2017թ. նախատեսում են բավականին կոշտ բյուջե. «Թվերը խոսում են դրա մասին՝ 70 մլրդ եկամուտների աճ, 100 մլրդ՝ պլյուս-մինուս, ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք, բոլոր խնդիրները ակտուալ են»:

Ելնելով այս ամենից՝ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակում:

2016 թվականի բյուջեով ծրագրված էր 1.183 տրիլիոն դրամի եկամուտ, 1.373 տրիլիոն դրամի ծախսեր, դեֆիցիտը՝ մոտ 191 մլրդ դրամի սահմաններում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---