29 սեպտեմբերի 2016 - 16:44 AMT
ՀՀ-ում կուսակցությունների հիմնադրումն ու գրանցումը կդյուրացվի

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին:

Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կդյուրացվեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ:

2016-ի սեպտեմբերի տվյալներով, ՀՀ պետռեգիստրի բազայում գրանցված է 78 կուսակցության անուն: