Մեկնարկել է Հռոմի պապի եռօրյա այցը Վրաստան և Ադրբեջան

Մեկնարկել է Հռոմի պապի եռօրյա այցը Վրաստան և Ադրբեջան

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին սկսում է եռօրյա այցը Վրաստան և Ադրբեջան:

Այցի ընթացքում քահանայապետը հանդիպումներ կունենա երկու երկրների հոգևոր և քաղաքական առաջնորդների հետ: Այցը կմեկնարկի Թբիլիսիից: Օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Պապը կուղևորվի Վրաստանի նախագահի նստավայր, որտեղ կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հոկտեմբերի 1-ին Պապը պատարագ կմատուցի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Պատարագից հետո հետո Պապը կհանդիպի Վրաստանի կաթոլիկ քահանաների հետ:

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու: Ադրբեջանում նախատեսված է Պապի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարության, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ: Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում։ Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ձևի շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»:

Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

Ընթերցեք նաև. Ինչպես կհիշվի Պապի այցը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---