15 մայիսի 2007 - 18:13 AMT
ԵԱՀԿ ղեկավարը մտադիր է կոչ անել Երեւանին եւ Բաքվին արագորեն համաձայնեցնել ղարաբաղյան գործընթացի սկզբունքները
ԵԱՀԿ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ մտադիր է կոչ անել կողմերին` Հայաստանին եւ Ադրբեջանին որքան կարելի է շուտ համաձայնեցնել կարգավորման հիմնական սկզբունքները: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակվը: Մայիսի 10-ին ԵԱՀԿ նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: «Բաքու եւ Երեւան ուղեւորվելուց առաջ նա ցանկանում էր տեղեկանալ մեր գնահատականներին` մենք տվեցինք մեր գնահատականը,-ասել է Մերզլյակովը:-Միգել Անխել Մորատինոսը հավանություն է տվել մեր գործունեությանը: Տարածաշրջան կատարելիք իր այցի ժամանակ ԵԱՀԿ նախագահը նույնպես մտադիր է կոչ անել կողմերին արագորեն համաձայնեցնել կարգավորման սկզբունքները»:

Ռուս դիվանագետը հաղորդել է նաեւ, որ մայիսի 10-11-ին Ստրասբուրգում առանձին խորհրդակցություններ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: «Մենք քննարկել ենք կարգավորման դեռեւս չկարգավորված հիմնարար սկզբունքները, ստացել ենք կողմերի արձագանքը մեր առաջարկներին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ եւ նախապատրաստել մեր առաջարկները»,-ասել է Մերզլյակովը` չմեկնաբանելով իր կարծիքը ներկայացված առաջարկների շուրջ կողմերի արձագանքների վերաբերյալ:

Մերզլյակովը հաղորդել է, որ մայիսի վերջին Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան: Սակայն այցի հստակ ժամկետը դեռեւս համաձայնեցված չէ կողմերի հետ, քանի որ դեռեւս չի ստացվել Երեւանի եւ Բաքվի հաստատումը, հավելել էնա:

Ըստ դիվանագետի, հունիսի 10-ին Սանքտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների հերթական փուլի կազմակերպման մասին դեռեւս հստակ պայմանավորվածություն չկա: «Դա պարզ կդառնա տարածաշրջան մեր այցելությունից հետո»,-հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: