«Քաղաքացի դիտորդ»-ը մոտ 340 ընտրախախտում է արձանագրել ՏԻՄ երկու ընտրությունում

«Քաղաքացի դիտորդ»-ը մոտ  340 ընտրախախտում է արձանագրել ՏԻՄ երկու ընտրությունում

PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները սեպտեմբերի 18-ին իրականացրել են դիտորդական առաքելություն 16 համայնքի (Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար), իսկ հոկտեմբերի 2-ին՝ 18 համայնքի (Գյումրի, Վանաձոր, Գողթ, Գառնի, Նոր Երզնկա, Արգել, Կապան, Ծաղկաշատ, Ախթալա, Լեռնապատ, Արթիկ, Վայք, Շատին, Գլաձոր, Մարտունի, Ալավերդի, Մեծ Այրում և Արևածագ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Նախաձեռնության դիտորդները սեպտեմբերի 18-ին դիտարկված 56 տեղամասում արձանագրել են մոտ 150, իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկված 122 տեղամասերում՝ մոտ 190 ընտրախախտում, այդ թվում՝

Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ (անվան բացակայություն կամ մահացած անձի անվան առկայություն), Քվեարկության գաղտնիության խախտումներ,բազմակի (այլ անձի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձեր (քվեարկողի անվան դիմաց ստորագրություն),ընտրողների (հատկապես՝ տարեց մարդկանց) ուղղորդում տեղամասի ներսում և տեղամասից դուրս,ընտրողին օգնելու կարգի խախտումներ, Քվեարկության նկատմամբ վերահսկողություն,դիտորդի/ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտումներ, նրանց աշխատանքների խոչընդոտում կամ նրանց դիտարկումների չգրանցում գրանցամատյանում,տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործողությունների կազմակերպման կարգի խախտումներ:

Ինչպես նաև՝ քարոզչանյութերի առկայություն և ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում,մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասերից 50 մետր շառավղով,կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում,ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասերում:

Վերոնշյալ ընտրախախտումները, հատկապես որոշ համայնքներում ընտրարշավի ընթացքում տեղ գտած հանցագործությունների համատեքստում, թույլ են տալիս եզրակացնել, որ 2016թ. աշնան ՏԻՄ ընտրությունները չեն անցել ազատ և արդար՝ կամքի ազատ ձևավորման և արտահայտման սկզբունքների պահպանմամբ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 2013թ. ի վեր ընտրական գործընթացների նկատմամբ, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, իրականացնում է դիտորդական առաքելություն և արձանագրում է, որ ո՛չ տեղամասային, ո՛չ ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքի որակի էական բարելավում չի նկատվում:

Նախաձեռնության հաղորդագրության մեջ նշվում է, որ ակնհայտ փաստ է՝ անկախ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում որոշ չափով կանխարգելում է խախտումները, սակայն ընտրատեղամասից դուրս ընտրողի ազատ կամարտահայտության վրա ազդող գործոններն, այդ թվում՝ վարչական, ֆինանսական և քրեական ռեսուրսի գործածման դրսևորումներն հիմնականում անվերահսկելի են:

Գործնականում դրանք կարող են դրսևորվել քվեարկության գաղտնիությունը խախտելով, ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելով, այլ անձանց փոխարեն քվեարկելով, ընտրողներին ուղղորդելով, թվեաթերթիկներ տեղամասից դուրս բերելով կամ այդպիսի փորձերով: Դրանց կանխման, բացահայտման և վերացման ուղղությամբ ընտրական գործընթացի օրինականության համար պատասխանատու պետական մարմինների կողմից չի ձեռնարկվում և ոչ մի արդյունավետ գործողություն:

«Ուստի, ակնհայտ է, որ ընտրակաշառքը, բռնաճնշումները և ահաբեկումներն են լինելու այն մեխանիզմները, որոնց ապավինելու է իշխող կուսակցությունը՝ հատկապես տարածքային համամասնական ցուցակների միջոցով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցանկալի արդյունք ստանալու համար: Այս ամենը հստակ վկայությունն են այն փաստի, որ պետական իշխանություն իրականացնող մարմինները չեն դրսևորում անհրաժեշտ քաղաքական կամք ազատ և արդար ընտրությունների ապահովման համար, և առանց միջոցների միջև խտրականություն դնելու ամեն գնով իրականացնում են ժողովրդի իշխանության յուրացում», - ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում «Բալասանյան» դաշինքը առջևում է՝ ստանալով 14987 քվե կամ 34.7%։ 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 9344 քվե կամ 21.6%, 3-րդում՝ «Հայկական Վերածնունդ»-ը՝ 4578 քվե կամ 10.6%: ԳԱԼԱ-ն ստացել է 4517 քվե կամ 10.45%, «Գյումրեցու ոգին»՝ 2475 քվե, Համախմբումը՝ 2469 քվե, ՀՅԴ-ն՝ 2313 քվե, «Ալյանս»-ը՝ 774 քվե, Գործարար կուսակցությունը՝ 556 քվե, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 քվե, ՀԱԿ-ը՝ 471 քվե:

Կարդացեք նաև՝ Transparency International․ 185 ընտրախախտում է արձանագրվել՝ 22։30-ի դրությամբ

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---