4 հոկտեմբերի 2016 - 15:53 AMT
«Փրկիր մի կյանք» ծրագրով մինչև նոյեմբեր 100 սիրիահայ կտեղափոխվի Հայաստան

Մինչև նոյեմբեր 100 սիրիահայ կտեղափոխվի Հայաստան: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տնօրեն Հայասա Թահմազյանը, հայտնում է Panorama.am-ը:

2015-ին, երբ ակտիվորեն ռմբակակոծվում էին Հալեպի հայաբնակ թաղամասերը, Հայաստանում հաստատաված մեծաթիվ սիրիահայեր դիմել են կազմակերպությանը՝ օգնելու Սիրիայում գտնվող իրենց հարազատներին, նրանց տրամադրելով միակողմանի տոմսեր:

«Կազմակերպությունը նախաձեռնեց «Փրկիր մի կյանք» ծրագիրը, ստացանք մոտ 600 դիմում, իրենց հարազատներին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Այս ընթացքում հաջողվել է ձեռք բերել 350 տոմսի գումար, յուրաքանչյուր տոմսի գումարը 500 դոլար է: Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում 250 սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, 100-ն էլ մինչև նոյեմբեր կտեղափոխվի»,-ասել է բանախոսը:

Վերջին երկու շաբաթների ընթացքում դիմումների թիվն ավելացել է: Նրա խոսքով, շատ մարդիկ ցանկանում են Հայաստան գալ, սակայն չեն կարողանում գտնել միակողմանի տոմսի գումարը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն իր հերթին հայտարարել է, որ սփյուռքի նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Հալեպում Հայաստանի հյուպատոսության հետ: «Մեր սուղ միջոցներով փորձում ենք մեղմել այն հարվածները, որ ստանում է Սիրիայի հայ համայնքը»,-ասաց նա` ավելացնելով, որ շուտով Հալեպ կմեկնեի հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ օդանավը, հայտնում է Panorama.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանի կառավարությունը ձենամուխ չի լինում Սիրիայում մնացած հայերի գոնե ժամանակավոր դուրսբերմանն ու Հայաստան տեղափոխմանը` Սրապիոնյանը պատասխանել է, որ այնքան էլ հեշտ չէ տեղափոխման կազմակերպումը:

«Սիրիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերն ունեն բազմաթիվ պարտականություններ այդ երկրի նկատմամբ, թեկուզ զինապարտության, բանկային ինչ-ինչ խնդիրներ և այլն: Ամենից առաջ մարդն ինքը պետք է ցանկանա գալ: Ես տեղյակ եմ Գալստյանի բաց նամակին, որ ցանկանում է գալ Հայաստան: Բայց մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել: Դա լուրջ տարաձայնություններ կառաջացնի երկու պետությունների միջև»,-ասել է նա:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ից 1-ին օդանավը հումանիտար օգնություն է հասցրել Սիրիա