5 հոկտեմբերի 2016 - 10:22 AMT
Սասունյան. Սփյուռքահայերին ՀՀ-ում քվեարկելու և առաջադրվելու իրավունք պետք է տրվի

Ոչ բոլորն են համակարծիք այն հարցում, թե արդյոք սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Այս մասին իր հոդվածում գրել էամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը:

«Միգուցե «խառնվել» բառը ճիշտ չի ընտրված, սակայն հայրենիքում տեղի ունեցող զարգացումներում ներգրավված լինելը և դրանց մասին խորապես մտահոգվելը պետք է մեծ հետաքրքրություն ներկայացնի բոլոր հայերի համար, քանզի դա նրանց բնօրրանն է:

Հայաստանում Սփյուռքի դերակատարության հարցը բարձրացվեց անցյալ ամիս, երբ 20 հայտնի հայ, հիմնականում Սփյուռքից, հրապարակեցին «Արդարություն Հայաստանում» խորագրով դիմումագիր change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ: Սեպտեմբերի 19-ից մինչ օրս մոտ 3000 հայ և այլազգի տարբեր երկրներից միացել են այս ստորագրահավաքին», - նշում է Սասունյանը:

Ստորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»:

«Ստորագրահավաքի նախաձեռնողները նաև հայտարարել են, որ իրենք աջակից են «բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանը, արդար և թափանցիկ ընտրություններում ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար վարձատրությանը, իշխանության տարանջատմանը, ազատ մամուլին և իրավազուրկների շահերի պաշտպանությանը», - նկատում է Սասունյանը:

Նա գրում է, որ այնուհետև նախաձեռնողները պահանջում են, որ «Հայաստանի քաղաքական ղեկավարները մարմնավորեն ազնվություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն հայ ժողովրդի հրատապ կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովեն հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարություն, որտեղ յուրաքանչյուր ձայն ուշագրավ է»:

Որպես հաջորդ շոշափելի քայլ նախաձեռնողները խնդրում են ամբողջ աշխարհի հայերին որպես ականատես և դիտորդ ներկա գտնվել Հայաստանում հաջորդ տարվա գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Կալիֆորնիա կուրիեր»-ի գլխավոր խմբագիրը նկատում է, որ զարմանալի չէ, թե Հայաստանում ոմանք վրդովվել են սփյուռքահայերի նախաձեռնությունից և կոչ արել նրանց տեղափոխվել Հայաստան, եթե իրենք իսկապես շահագրգռված են երկրի բարեփոխման գործում:

«Թեև բոլոր հայերը պետք է աջակցեն ստորագրահավաքի նախաձեռնողների արտահայտած վեհ նպատակներին, սակայն նրանց գաղափարներից մի քանիսը պարզապես երազային արտահայտություններ են: Առաջարկվող բարեփոխումներից ոչ բոլորն են իրականացվել նույնիսկ Միացյալ Նահանգներում: Սակայն, ես համաձայն եմ, որ հայերը պետք է ձգտեն աստիճանաբար հասնել իրենց նպատակներին, չնայած պետք է զգույշ լինել անիրագործելի նպատակների առաջքաշման մեջ՝ Հայաստանի քաղաքացիներին զերծ պահելով հետագա հուսախաբությունից և հիսաթափությունից:

Իմ կարծիքով, սփյուռքահայերը պետք է Հայաստանում ներգրավված լինեն կյանքի բոլոր բնագավառներում՝ և ոչ միայն հեռվից դիմումագրեր և առաջարկություններ անեն: Նրանք չպետք է պարզապես զբոսաշրջիկ լինեն իրենց հայրենիքում: Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման մի ուղին Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերին քվեարկելու և առաջադրվելու իրավունք տալն է: Ինչպես կիրառվում է Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում, պետք է Հայաստանի Ազգային ժողովում մի քանի աթոռ հատկացնել սփյուռքահայերին, որոնք պետք է լինեն ավելին, քան պարզապես նվիրատուներ կամ «կթան կով»...», - ընդգծել է Սասունյանը:

Նրա խոսքով, չնայած Հայաստանի Սահմանադրությամբ թույլատրված երկքաղաքացիությանը՝ շատ քիչ թվով սփյուռքահայեր են օգտվել այդ հատուկ արտոնությունից, որը կարող է ևս մի կարևոր կապ ստեղծել հայրենիքի հետ:

«Աստիճանաբար, երբ օրենքի գերակայությունը ամուր հիմքերի վրա դրվի Հայաստանում և սոցիալական անհավասարությունը նվազի, սփյուռքահայերը վստահություն ձեռք կբերեն ներդրումներ անելու իրենց հայրենիքում, ինչը կհանգեցնի աշխատատեղերի ստեղծման և արտագաղթի կրճատման: Հավանաբար որոշ ներգաղթ էլ լինի Սփյուռքից դեպի Հայաստան: Բարելավված կենսապայմանները կնվազեցնեն նաև առճակատումը իշխանությունների հետ, որը կարող է ապակայունացնել երկիրն այն պահին, երբ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են Հայաստանի անվտանգությանը...», - գրել է հրատարակիչը:

Նրա խոսքով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները համարժեք դարձնելու համար, չպետք է վրդովվել, եթե Հայաստանի իշխանություններն էլ «խառնվեն» սփյուռքահայ համայնքների կյանքին: «Ի վերջո, ամենևին կարևոր չէ, թե ով, որտեղ, ում գործերին է խառնվում, պայմանով, որ վերջնական արդյունքը համապատասխանի համայն հայության գերագույն շահերին»: