5 հոկտեմբերի 2016 - 10:53 AMT
Թբիլիսիում պայթեցրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենան

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամիձեի մեքենան պայթեցնելու և պատգամավորի նկատմամբ մահափորձ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՌԻԱ Նովոստի գործակալությունը հաղորդում է, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին երեկոյան՝ երկրում խորհրդարանական ընտրություններից չորս օր առաջ։ Նրա մեքենան պայթեցվել է հենց Թբիլիսիի կենտրոնում։

Պատգամավորը և նրա վարորդը պայթյունի ժամանակ եղել են մեքենայում, բայց ծանր վնասվածքներ չեն ստացել։ Փոխարենը երեք անցորդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, մեքենայի պայթյունի հետևանքով վնասվել է հարակից մոտ տասը մեքենա:

Ներկայացնելով կատրավածը՝ պատգամավոր Թարգամիձեն նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել հեռակարավարման վահանակի միջոցով, որը կառավարվել է իրենց հետևող մեքենայի միջից։

Թարգամիձեն կարծիք է հայտնել, որ պայթյունի հեղինակները կարող է բարձրաստիճան չինովնիկներ են իրավապահ մարմիններից, այսինքն՝ Վրաստանը կառավարող «Վրացական երազանք» իշխանական կուսակցությունից։

«Ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել «դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածի շրջանակում։ Մենք ամեն ինչ կանենք, որ որքան հնարավոր է շուտ բացահայտենք ճշմարտությունը։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ արդեն իրականացվում են», - հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Բեսիկ Ամիրանաշվիլին։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե պայթյունի համար պատասխանատուները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ:

Վրաստանում գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սա արդեն երկրորդ նույնաբնույթ դեպքն է. կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Գորիի շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախկին նախարար, պատգամավորի անկախ թեկնածու Իրակլի Օկրուաշվիլիի ուղղությամբ անհայտ անձը հրազենային կրակ էր արձակել, ինչի հետևանքով վիրավորվել էին նախկին նախարարի թիկնապահը և մեկ ակտիվիստ։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կարողացել էին անմիջապես ձերբակալել կասկածյալին։

Հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակիցներն են իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները։