Հյուպատոս. ՀՀ-ից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվում է բոլոր կարիքավորներին` ոչ միայն հայերին

Հյուպատոս. ՀՀ-ից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվում է բոլոր կարիքավորներին` ոչ միայն հայերին

PanARMENIAN.Net - Սիրիայում, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, կարևոր խնդիր է հումանիտար օգնությունը տեղ հասցնելու ուղիներ մշակելը: Այդ մասին հայտարարել է Հալեպում Հայաստանի հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։

Հյուպատոսը հայտնել է, որ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ Հայաստանից Սիրիա ուղարկված օգնության առաջին խմբաքանակը մեծ ոգևորություն է առաջացրել հայերի ու բոլոր սիրիացիների շրջանում, քանի որ ուղղված է բոլորին։ «Դա առաջին անհրաժեշտության ապրանք է` սնունդ, մանկական տաք հագուստ։ Առաջին չափաբաժինը հասնելուն պես ռուսական ավիաբազայի ղեկավարության հետ համագործակցությամբ կազմակերպեցինք առաջին 20 տոննա օգնության տեղափոխումը ծովափնյա շրջանների` Լաթաքիա, Քեսաբ, բնակչությանը»,- նշել է նա։

Նա հայտնել է նաև, որ բեռն արդեն հասել է Լաթաքիայի հայկական եկեղեցի, ու վաղն արդեն կսկսվի բաժանումը ոչ միայն հայերին, այլ բոլոր կարիքավորներին։

Գևորգյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություններ են վարում Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռի բեռն անվտանգ Հալեպ հասցնելու ուղղությամբ։ Հյուպատոսը հայտնել է նաև, որ Հալեպում այժմ լարված վիճակ է, մի քանի օր առաջ զոհվեց 5 հայ, որոնց մեջ երեխաներ կային, ևս 8-ն այս պահին հիվանդանոցում է։

Հայկական Նոր գյուղ թաղամասը հիմնահատակ ավերվել է։ Ծանր տնտեսական վիճակ է, 24 ժամ չի լինում էլեկտրականություն, շատերը չեն կարողանում հոգալ տարրական կենցաղային խնդիրները, սնունդը։

«Հայերը տասնյակ հազարներով ստիպված են եղել լքել Հալեպը։ Նրանցից ոմանք Հայաստան են եկել, արդեն Հայաստանում շուրջ 18 հազար սիրիահայ է հաստատվել, մյուսները մեկնել են ԱՄՆ։ Որոշ մասն էլ Լիբանան է գնացել` հույսով, որ դրությունը կլավանա, ու շուտ կվերադառնան Հալեպ»,- հայտնել է Գևորգյանը։ Հյուպատոսը նշել է, որ արտագաղթում են ոչ միայն հայերը, այլև արաբները, քանի որ վտանգ է սպառնում բոլորի կյանքին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մինչև նոյեմբեր 100 սիրիահայ կտեղափոխվի Հայաստան: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տնօրեն Հայասա Թահմազյանը:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ից 1-ին օդանավը հումանիտար օգնություն է հասցրել Սիրիա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---