5 հոկտեմբերի 2016 - 11:16 AMT
«Թատերական Լոռի» միջազգային XXIII փառատոնին 17 բեմադրություն կներկայացվի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Հրատ» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ` հոկտեմբերի 4-13-ը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում անցկացվում է«Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ին, Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնում:

Այս տարի փառատոնին մասնակցում է 14 թատերական խումբ` Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հյուսիսային Օսեթիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից: Փառատոնի խաղացանկում ընդգրկված 17 բեմադրությունը, շուրջ 30 անգամ կներկայացվեն վերը նշված քաղաքներում:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին կմասնակցեն Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան, Վլադիկավկազի Վախթանգովի անվան ռուսական ակադեմիական, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան, Մոսկվայի «Սոբիտիե» թատրոնները:

Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի Հ. Պարոնյանի անվան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Սոս Սարգսյանի անվան Համազգային, Պատանի հանդիսատեսի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական, Ալավերդու քաղաքային թատրոնները:

«Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979-ին` որպես ժողովրդական թատրոնների փառատոն: 2006-ից այն պրոֆեսիոնալ թատրոնների փառատոն էր, 2008-ից անցկացվում է որպես միջազգային փառատոն: