5 հոկտեմբերի 2016 - 11:29 AMT
«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է անտառի փոխարեն 180 հա տարածքում պտղատու այգիներ հիմնել

«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է անտառի փոխարեն 180 հա տարածքում պտղատու այգիներ հիմնել:

«Թեղուտ» ՓԲԸ-ն Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում պաշտոնապես պետք է հատի 357 հա անտառ, փոխարենը պարտավորվելով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրով տնկել 714 հա անտառ:

Սակայն 2015-ի օգոստոսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համատեղ հրաման են ստորագրել, որով թույլ են տվել «Թեղուտ» ՓԲԸ-ին 714 հեկտար ընդհանուր մակերեսով անտառապատման համար նախատեսված տարածքից 180 հա տարածքում՝ Շնող և Թեղուտ համայնքներում, պտղատու այգիներ հիմնել: Այս հրամանի համար հիմքում բնակիչների ցանկություններն էին:

«Համայնքի ավագանին հարմար գտավ, որպեսզի անտառի փոխարեն հիմնվեն պտղատու այգիներ: Բացի այդ, մենք հարմար տարածքներ չունենք անտառ հիմնելու համար: «Թեղուտ» ՓԲԸ-ն որոշել էր, որ եթե մենք տարածք չունենք, Հայաստանի ցանկացած տարածքում հիմնի անտառ, իսկ մեզ դա ձեռնտու չէր, դրա համար ավելի լավ էր ժողովրդի սեփականաշնորհած հողատարածքներում հիմնել պտղատու այգիներ: Այժմ հիմնվել է 21 հեկտար այգի, 10 հեկտար էլ նախագիծ ենք ներկայացրել՝ 2016-ի աշնանը հիմնելու համար: Ծառատեսակներն ընտրվում են հողատերերի ցանկությամբ, հիմնականում արքայանարինջ, խնձոր, տանձ: Տնկում ենք, մի տարի մշակում, տալիս իրենց ու իրենք տնօրինում են»,- PanARMENIAN.Net-ին ասաց Շնողի համայնքապետի տեղակալ Կորյուն Շադինյանը:

Հարցին, թե արդյոք տարածաշրջանում իրականացվող հանաքարդյունաբերության գործունեության արդյունքում գյուղմթերքը չի աղտոտվի ծանր մետաղներով, Կորյուն Շադինյանը պատասխանեց.

«Աղտոտումը պայմանավորված է հիմնականում Ալավերդու պղնձաձուլարանով, Ախթալայի կոմբինատով, ոչ թե «Թեղուտ» ՓԲԸ-ով, որովհետև ծանր մետաղներն օդի, ջրի հետ, Դեբեդի հետ գալիս են: Հիմնականում մեր հողերը ջրվում են Դեբեդի պոմպակայանից՝ 500 հա այգի: Շաբաթական 1-2 անգամ Ախթալայի կոմբինատի խվոստը (պոչ) պոչամբարից թափվում է Դեբեդի մեջ, դրանով ոռոգում ենք, ու փչանում է: Ունենք Դեբեդի շրջակայքում հողատարածքներ, մոտ 20-30 հա այգիներ, որոնք բնական ջրով են ոռոգվում, ու նույն ձև փչանում են: Եթե գիշերը թողնում ենք, ոռոգումը կատարվում է, առավոտյան մոտ 2 սմ պոչամբարից «խվոստ» է նստած լինում: Շնող գետից օգտվում ենք, ճիշտն ասած մի քիչ աղտոտումներ կան, բայց այդքան չի վնասում: Համայնքի 90 տոկոսը Դեբեդի ջրով է ոռոգում: «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն երկրորդ տարին անալիզ է վերցնում պտուղներից: Պտղի մեջ 5-6 անգամ մետաղները գերազանցել են»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանն անտառի փոխարեն այգի տնկելը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի խախտում է համարում: Նա մատնանշում է ՀՀ կառավարության կողմից 2007-ի օգոստոսի 30-ին ընդունված «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման եվ անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգըսահմանելու մասին» N 1045-Ն որոշումը, որի 8.1 կետով օգտագործման տրամադրվող անտառային տարածքի դիմաց տնտեսվարողը պետք է առնվազն կրկնապատիկ անտառապատման աշխատանքներ իրականացնի:

Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրով ացնկացված թրեյնինգի և պրեսս-տուրի շրջանակում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական գործակցության զարգացման գործակալության աջակցությամբ: