5 հոկտեմբերի 2016 - 13:47 AMT
ԱՄՀ. ՀՆԱ անկումն Ադրբեջանում 2016-ին կազմել է 2.4%

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2016-ին կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ անկում 2,4%-ով: Այդ մասին ասվում է ԱՄՀ հոկտեմբեր ամսվա «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Համաշխարհային տնտեսության վերաբերյալ ապրիլյան զեկույցում ԱՄՀ-ն Ադրբեջանում 2016-ի համար կանխատեսել էր 3% անկում: 2017-ի համար կանխատեսումը 1,4% աճ է, ապրիլյան կանխատեսման 1%-ի փոխարեն, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ հիմնադրամի կանխատեսման, միջին տարեկան գնաճն Ադրբեջանում 2016-ին կազմել է 10,2% (ապրիլյան կանխատեսումը`12%), 2017-ին` այն կդանդաղի մինչև 8,5% (ապրիլյան կանխատեսումը`9,5%):

Գործազրկությունն Ադրբեջանում 2016-2017-ին, ըստ ԱՄՀ կանխատեսման, կհասնի 6%-ի:

Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում է ՀՆԱ աճ 1,8%-ով, միջին տարեկան գնաճը` 12,1%: 2015-ին ՀՆԱ աճն Ադրբեջանում կազմել է 1,1%, գնաճը` 4%: