5 հոկտեմբերի 2016 - 14:25 AMT
ՀՀ-ն ՌԴ-ի հետ կբանակցի ալկոհոլի արտահանման շուրջ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 5-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա ՀՀ-ից Ռուսաստան խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2015-ին Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում հիմնականում անկում է գրանվել։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2015-ին Հայաստանում արտադրվել է մոտ 16.95 մլն լիտր կոնյակ, որը 9.4%-ով պակաս է 2014-ի ցուցանիշից։

Նվազել է նաև գինու արտադրությունը։

Հայաստանում արտադրվող կոնյակի մեծ մասն արտահանվում է, ճնշող մեծամասնությունը՝ Ռուսաստան։