5 հոկտեմբերի 2016 - 14:41 AMT
Վարչապետ. Ճարտարապետները պետք է մասնագիտական առաջարկություններով աջակցեն պետությանը

Հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն մեծ համբավ և նրանք պետք է իրենց ակտիվ գործունեությամբ ու մասնագիտական առաջարկություններով աջակցեն պետությանը՝ ոլորտին նոր թափ հաղորդելու նպատակով: Այս մասին հոկտեմբերի 5-ին Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք պետք է ստեղծենք այնպիսի մշակույթ, երբ նախարարն ու պետական ծառայողը հետևողական կլինեն և արագ կարձագանքեն ոլորտի ներկայացուցիչների ազդակներին ու առաջարկություններին: Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի կարգավորման պատասխանատուները նաև դուք եք, ուստի պետական ծառայողը ձեզ հետ մշտապես հետադարձ կապ պետք է ունենա», - ասել է նա:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարևորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է՝ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը:

Հանդիպման մասնակիցները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը, ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես եկել առաջարկություններով:

Քննարկվել են շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, շինարարական և նախագծային կազմակերպությունների վարկանիշավորմանը, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող այլ հարցեր: