18 մայիսի 2007 - 19:30 AMT
Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի իշխող կուսակցության ղեկավարությունը հանձնել է Պատրիկ Դեւեջյանին
Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը կգրավի «Ժողովրդական շարժման աջակցության միություն» կուսակցության (UMP) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այդ պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ UMP-ն գլխավորող Նիկոլա Սարկոզին ընտրվել է Ֆրանսիայի նախագահ: Մայիսի 17-ին Դեւեջյանի հետ հանդիպմանը Սարկոզին նշել է, որ նրան է հանձնում կուսակցությունը եւ այդպիսով Դեւեջյանի վրա բարձր պատասխանատվություն է ընկնում: Սարկոզնին նաեւ ցանկացել է, որպեսզի նա որքան հնարավոր է շուտ անցնի իր պարտականություններին, հաղորդում է Regnum-ը` հղում կատարելով Հայաստանի Հանրային Հեռուստատեսությանը:
Նշենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր` մայիսի 18-ին, նոր կառավարություն է ձեւավորել: Նոր կառավարության կազմում 15 հոգի է, որոնցից յոթը կանայք: Մասնավորապես, ռազմական գերատեսչության նախկին ղեկավար Միշել Ալո-Մարին նշանակվել է ներքին գործերի եւ արտասահմանյան տարածքների հարցով նախարար, արդարադատության նախարար է նշանակվել Ռաշիդ Դաթին: Արտգործնախարարի պաշտոնն ստացել է սոցիալիստ Բերնար Կուշները, պաշտպանության նախարար է դարձել Էրվե Մորենը: