8 հոկտեմբերի 2016 - 17:00 AMT
Տանզանիայի բանտում 7 ամիս անցկացրած հայ գործարարն ու իր եղբայրն ազատ են արձակվել

Տանզանիայում մարտին ձերբակալված Արտյոմ և Էդուարդ Վարդանյաններն ազատության մեջ են։

Արտյոմ Վարդանյանը գործարար է, Ձորաղբյուրում գործող «Ջամբո» էկզոտիկ այգի-ռեստորանի սեփականատերը:

Վարդանյանը հայտնել է «Մենք՝ ես և եղբայրս, 7 ամիս տանզանիական բանտում հարկադիր արձակուրդից հետո հասկացանք, որ այդ երկրի բյուջեն 220 դոլարի խիստ կարիք ունի, որը ես վճարեցի որպես տուգանք՝ միգրացիոն կանոնները խախտելու համար, քանի որ այնտեղից գնել էի տարբեր աֆրիկյան մոտիվներով աքսեսուարներ Jambo այգու համար», գրում է Panorama.am-ը:

«Զօօ Ֆաունա Արտ»-ի տնօրեն Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Տանզանիայում ձերբակալվել էին Վարդանյան եղբայրները, ովքեր «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի համար 62 կապիկ տեղափոխող ինքնաթիռով ցանկացել են գալ Հայաստան: Խաչատրյանն ասել էր, որ Վարդանյան եղբայրները կապ չունեն տեղափոխման հետ և շատ պատահական հայտնվել են տհաճ իրավիճակում. «Վարդանյաններն իմ ընկերներն են և որևէ կապ չունեն կապիկների տեղափոխման հետ, ուղղակի ես նրանց ասացի, որ ինքնաթիռ է գալու և կարող են դրանով գալ Հայաստան»: