ԼՀՎ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ը համաձայնության են եկել. Վանաձորում կսատարեն Քրիստ Մարուքյանին

ԼՀՎ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ը համաձայնության են եկել. Վանաձորում կսատարեն Քրիստ Մարուքյանին

PanARMENIAN.Net - Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համաձայնագիր են ստորագրել՝ ըստ որի ավագանու ընդդիմադիր 18 անդամները Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կսատարեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

Համաձայնագրում նշվում է, որ 2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) և Բարգավաճ Հայաստան կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:

Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաև ելնելով Վանաձոր քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծման հրամայականից, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կնքում են համագործակցության հուշագիրը պարտավորվելով`

Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին (ընդհանուր թվով` 18 մանդատ),

Վանաձորի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը կառուցել արդյունավետ կառավարման լավագույն սկզբունքների հիման վրա:

Վանաձորում իրականացնել թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարում, ինչը կերաշխավորի քաղաքի համաչափ զարգացումը, կբացառի կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունն ու շահերի բախումը, կապահովի հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:

Նշված ուժերը, համամասնորեն ներգրավվում և ստանձնում են Վանաձոր քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝

Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջադրում է քաղաքապետի թեկնածուին,Հայկական Վերածնունդ կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուին,Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի տեղակալի թեկնածուին,ՏԻՄ մակարդակում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պարտավորվում համատեղ ջանքերով գործել հանուն Վանաձորի զարգացման:

Վանաձորում քաղաքային իշխանությունների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 2-ին։ Այստեղ մրցում էր 8 կուսակցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն՝ ստանալով 14 889 ձայն (37.6%): Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 10 899 ձայնով (27.5%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 5286 ձայնով (13.34%): Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2872 ձայնով (7.25%): Նրան հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2522 ձայնով (6.36%)։

Անցողիկ վեց տոկոս շեմը չեն հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 1617 ձայն (4.08%), «Համախմբումը»՝ 984 ձայն (2.48%), Հայ ազգային կոնգրեսը՝ 551 ձայն (1.39%)։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---