«Հայ ֆեստն» ավարտվել է. Ներկայացումներ, դասընթացներ, գիտաժողով, հատուկ ծրագրեր

«Հայ ֆեստն» ավարտվել է. Ներկայացումներ, դասընթացներ, գիտաժողով, հատուկ ծրագրեր

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կայացել է հոկտեմբերի 1-8-ը: 14-րդ թատերական փառատոնը կրում էր «Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը և հյուրընկալել էր 20 երկրից ժամանած 250 մասնակցի ու հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 12 բեմահարթակում ցուցադրվել է ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը անցկացրեցին վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մաքսիմ Գորկու թատրոնի «Հոգիների աճուրդը» /բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա) ներկայացումները:

Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով՝ ԵԹԿՊ-ի հետ համատեղ:

Միջազգային ձևաչափով գիտաժողով ԵԹԿՊԻ-ում տեղի էր ունենում առաջին անգամ, որը և իր ողջույնի խոսքում կարևորեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Առաջին նիստը նախագահել է մեր բուհի պրոֆեսոր, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը:

Երկրորդ նիստը նախագահել է Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, մեր բուհի պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը:

Տերպսիխորայի երկրպագուների համար անակնկալ էր սպասվում. անցկացվեց լեհական ծրագիր: Այն կրում էր «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը. Ցուցադրվել է 3 պարային ներկայացում («Սենյակ 40», «Գործողություններ (Acts)», «Չպատմված պատմություններ»):

Այս ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարն ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, որոնց համախմբում է Լեհական պարահարթակ 2014-ը: Այն լի է պարային ներկայացումներով, սեմինարներով, հանդիպումներով և քննարկումներով, որոնք տեղակայված են Արևելյան ընկերակցության երկրների 4 մայրաքաղաքներում`Մինսկում, Կիևում, Թբիլիսիում և Երևանում: Նախագիծն իրականացվում է տեղի փորձառու մշակույթի գործիչների հետ համագործակցությամբ և Լյուբլինում կայացած Լեհական պարահարթակ 2014-ին սկիզբ առած համագործակցության շարունակությունն է:

Այն նպատակ ունի կառուցել փորձի փոխանակման հարթակ Լեհաստանի և Արևելյան ընկերակցության երկրների տարբեր պարային բեմերի միջև: Ծրագրի առաքելությունն է վերականգնել և ուժեղացնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից պարի ընդհանուր պատմական դիսկուրսի ընկալումը, որը ոչ միայն պետք է հետևի միջազգային տենդենցներին, այլ նաև հզորացնի տեղական մշակույթները և աջակցի երկրներին փորձի փոխանակման միջոցով պայքարել պարարվեստի զարգացմանը խոչընդոտող քաղաքական և տնտեսական խնդիրների դեմ:

Փառատոնը բացվել է «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Վլադիմիր Պանկով):

«Իլխոմ» թատրոնը հիմնադրվել է 1976 թ-ին: Վերջին 10 տարիների ընթացքում այս թատրոնի ներկայացումները արդեն ներկայացվել են ավելի քան 40 միջազգային թատերական փառատոներին, 21 երկրներում: «Յոթ լուսին» -ը համատեղ նախագիծ է «Իլխոմ» թատրոնի և Սաունդրամա ստուդիայի միջև՝ հիմնված Ալիշեր Նավոյի «Յոթ լուսին»-ը գործի վրա:

Այս ներկայացումը գերագնահատված սպասումների ողբերգության մասին է. իշխանության մոլուցքը համարժեք է պարանոյայի, և այն խոցում լիրիկական հոգին՝ նկարչի հոգին:

Հիմնական ներկայացումների մուտքը եղել է հրավիրատոմսերով և անցագրերով, ինչը հնարավորություն է տվել ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին:

Միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: 2006-ից «Հայ Ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---