ԻՊ գրոհայիններն ասորական եկեղեցի են պայթեցրել իրաքյան Մոսուլի մատույցներում

ԻՊ գրոհայիններն ասորական եկեղեցի են պայթեցրել իրաքյան Մոսուլի մատույցներում

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները հոկտեմբերի 9-ին պայթեցրել են Իրաքի Նինվե գավառում գտնվող ասորական եկեղեցին:

Barbara Fouq Attal եկեղեցին գտնվում է Մոսուլի մերձակա Քարմլիս քաղաքում, հայտնում է ARA գործակալությունը: «Գրոհայինները մի շարք պայթուցիկ սարքեր են գործի դրել եկեղեցու ներսում, որոնց պայթյունի արդյունքում շենքն ամբողջությամբ փլուզվել է»,-ասել է իրավապաշտպան Գազի Շամոունը:

Ասորական Քարմլիսի և քրիստոնեական այլ շրջանների բնակիչները տարհանվել են 2014-ի հունիսին, երբ գավառ ներխուժեցին ԻՊ զինյալները: Հազարավոր քրիստոնյա ընտանիքներ հեռացել են հայրենի քաղաքներից և ապաստան գտել Քրդստանում:

Ըստ Շամոունի, ահաբեկիչները տասնյակ ասորական եկեղեցիներ ու հնավայրեր են քանդել Նինվեում`ձգտելով զրկել այն իր պատմական դեմքից:

Ակտիվիստ Զուհեիր Մոուսիլլին իր հերթին ասել է, որ 2014-ին Մոսուլի գրավումից ի վեր ծայրահեղական իսլամիստները ոչնչացրել են պատմական հուշարձանների մեծ մասը, այդ թվում ասորական Նեմրութ քաղաքը, Մոսուլի Ազգային թանգարանի նմուշները:

2015-ի մարտի սկզբին «Իսլամական պետության» ահաբեկիչները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակներն Իրաքի տարածքում, հայտնում է Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածուն: Ավերածության ենթարկված հուշարձանների քանակը չի նշվում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---