12 հոկտեմբերի 2016 - 11:00 AMT
ՄԻՊ-ը Վիեննայում կմասնակցի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 12-14-ը գտնվելու է Վիեննայում: ՄԻՊ գրասենյակից հաղորդում են, որ նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցելու են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվելու են կանխարգելման ազգային մեխանիզմների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ԵԱՀԿ մակարդակում այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարները խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասը տարի անց:

Խոշտանգումների կանխարգելման նոր միջազգային գործիքը՝ Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, ուժի մեջ է 2006 թ. հունիսի 22–ից։ Դրանից հետո ստեղծվել են ՄԱԿ–ի կանխարգելող ենթակոմիտե և ազգային անկախ մարմիններ, որոնք իրականացնում են այցեր երկրների բոլոր ազատազրկման վայրեր։