12 հոկտեմբերի 2016 - 15:05 AMT
ԵԽԽՎ-ում բարձրացվել է ըմբշամարտիկ Հարությունյանի հանդեպ անարդար մրցավարության հարցը

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ բարձրացրել է անարդար մրցավարության պատճառով հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի՝ ոսկե մեդալից զրկվելու հարցը:

«Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակություններին: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համար ամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է:

Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ իմ ասածում համոզվելու համար, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհան Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են», - իր ելույթում ասել է Կարապետյանը:

Նա կոչ է արել Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը:

«Անարդարություն ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատը և հույսը», - հավելել է Կարապետյանը:

Ռիոյի օլիմպիադայում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը պարտվել էր եզրափակիչում` Հայաստանի համար արծաթ նվաճելով ընթացիկ օլիմպիադայում: Հարությունյանը պարտվել էր սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: