«Երկրաշարժի» հեղինակները պարզաբանել են, թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում

«Երկրաշարժի» հեղինակները պարզաբանել են, թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից ամերիկյան «Օսկար» մրցանակին ներկայացված «Երկրաշարժ» ֆիլմի հեղինակային խումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` պարզաբանելով, թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում:

Հոկտեմբերի 12-ին ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 85 ֆիլմից բաղկացած ցանկը, որոնք հավակնում են «Օսկարի» «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում: Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ռուս-հայկական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմն այդ ցանկում ընդգրկված չէ:

Ֆիլմի ստեղծողների հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային կինոակադեմիան Ամերիկյան կինոակադեմիայից ծանուցում է ստացել, որտեղ ասվում է, թե «ֆիլմի ստեծագործական խմբում չափից շատ են ռուսները, և «Օսկարի» առաջադրվելու համար քիչ է հայերի քանակը»:

Նշվում է, որ կինոնկարի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, ինչպես նաև դերասաններ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանն իրեցն անհամաձայնությունն են հայտնել ներկայացված դիտողությանը:

«Անհամաձայնություն են հայտնել նաև Հայաստանի Ազգային կինոկենտրոնը և ՀՀ մշակույթի նախարարությունը, որոնց աջակցությամբ դիմում է ուղարկվել Կինոակադեմիա կից փաստաթղթերով, որոնք հաստատում են, որ ֆիլմը նկարահանվել է որպես ՀՀ և ՌԴ համտեղ կինոարտադրանք և ստեղծագործական հսկողության բալանսն արտադրության ժամանակ պահպանվել է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ փաստաթղթերն ուղարկվել են հոկտեմբերի 10-ի առավոտյան, բայց քանի որ այդ օրը ոչ աշխատանքային էր ԱՄՆ-ում, դիմումը պատշաճ ձևով չի գրանցվել և հոկտեմբերի 11-ին մամուլին է ներկայացվել այն ցանկը, որտեղ հաշվի առնված չէ «Երկրաշարժի» հետ կապված իրավիճակը:

«Այս պահի դրությամբ Ակադեմիան հաստատում է, որ փաստաթղթերը հայկական կողմից ստացել են և մենք հուսով ենք, որ ֆիլմը կներառվի հավակնորդների ցանկում: Չէի ցանկանա մտածել, որ դա քաղաքական որոշում է Ակադեմիայի կողմից: Բավական է ընթերցել ֆիլմի տիտրերը, համոզվելու համար, որ այն 90 տոկսով հայերի կողմից է նկարահանված: Հայաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հայերի»,-ասել է Ռուբեն Դիշդիշյանը:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:

Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար:

Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017թ. փետրվարի 26-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---