2016-ին մոտ 100 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան

2016-ին մոտ 100 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան

PanARMENIAN.Net - 2016-ի 10 ամսիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք): Այդ մասին հայտարարել է «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Ալաջյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Որոշ ընտանիքներ տարբեր պատրվակներով եկել են այստեղ ամռանը և որոշ ժամանակ անց վերադարձել Սիրիա», - հավելել է Ալաջյանը: Նրա խոսքով, հրետակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները չեն վնասել մաբողջ Հալեպը, քաղաքի որոշ շրջաններ ընդհանրապես չեն վնասվել:

Նա նաև նշել, որ հայկական համայնքը Հալեպում ամենաքիչ տուժածներից է: «Հայերն այնտեղ պետական պաշտպանության տակ են, բացի այդ, ահաբեկիչները չեն ցանկանում էթնիկ փոքրամասնությունների թշնամանքին արժանանալ», - ընդգծել է Ալաջյանը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրափիոնյանն ավելացրել է, որ սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10 հազար հայ կա: «Հասկանալի պատճառներով մենք չենք կարող հստակ թիվ նշել», - ասել է Սրափիոնյանը:

Նա ընդգծել է, որ վերջին անգամ Սիրիայի հետ կապվել է նախօրեին: «Բացի այդ, հոկտեմբերի 12-ի երեկոյան սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցել է սիրիացի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ, որի հայտարարությունը հրապարակված է նախարարության պաշտոնական էջում», - հավելել է Սրափիոնյանը:

Հղում անելով Ռեիսյանի խոսքին` նախարարը վստահեցրել է, որ Հալեպի հայկական շրջաններում այս պահին խաղաղ է, նրանք հրետակոծության տակ չեն:

«Հոկտեմբերի 17-ին ակնկալում ենք սիրիահայերի` 21 մարդուց բաղկացած երեք ընտանիք: Երկու օր առաջ դիմավորել ենք չորս հոգանոց ընտանիք: Մեր աշխատակիցները հիմա ևս հերթապահում են օդանավակայանում` պարզելու համար արդյոք կան սիրիահայեր տարբեր չվերթերի ուղևորների շրջնանում: Մենք դիմավորում ենք նրանց և տեղափոխում ժամանակավոր կացարան», - նշել է փոխնախարարը:

Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Հալեպի ահաբեկիչների կողմից վերահսկվող արևելյան հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---