Էրդողանի կուսակցության հանդեպ կարող է դատական հետաքննություն սկսվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի աշխարհիկ շրջանակների ներկայացուցիչները պահանջել են դատական հետաքննություն սկսել վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի իշխող իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցության` ԱԶԿ-ի հանդեպ:

«Եթե Թուրքիայի Վճռաբեկ դատարանը բավարար համարի ապացույցները ԱԶԿ կողմից աշխարհիկ երկրի իսլամացման վերաբերյալ, կդիմի ՍԴ-ին` պահանջելով արգելել կուսակցության գործունեությունը»,-գրում է The New Anatolian-ը:



ԱԶԿ լուծարման վերաբերյալ գործը կարող է հարուցվել հուլիսի 22-ին Թուրքիայում կայանալիք վաղաժամ խորհրդարանական ընտրությունների շեմին: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչները դեռեւս չեն հաստատել եւ չեն հերքել տեղական թերթերի հրապարակումները:



Էրդողանի կուսակցությունը հաղթեց 2002 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում եւ ձեւավորեց մեկ կուսակցությունից կազմված կառավարություն, որը դեռեւս իշախնության ղեկին է:



Թուրքիայի ՍԴ-ն անցյալում բազմիցս է արգելել քրդամետ եւ իսլամիստական կուսակցություններ: Վերջինը Բարեկեցության կուսակցությունն էր (Ռեֆախ), որը գլխավորում էր Թուրքիայում քաղաքական իսլամի հիմնադիր, նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը: ԱԶԿ-ի ներկայիս ներկայցուցիչների մեծ մասը, այդ թվում նաեւ Էրդողանը, ժամանակին եղել են այդ կուսակցության անդամներ, այդ պատճառով նրանց անվանում են «իսլամական արմատներ ունեցող քաղաքական գործիչներ»: Աշխարհիկ վերնախավը դեմ էր Աբդուլլահ Գյուլի թեկնածությանը 2007 թվականի ապրիլ-մայիսի նախագահական ընտրություններում, որոնք յուրօրինակ տեստ դարձան ԱԶԿ-ի համար: Աշխարհիկ պետության կողմնակիցները, որ հիմնականում զինվորականներ են, ապրիլի 28-ին վերջնագիր ներկայացրեցին կառավարությանը: Թուրքիայում ԱԶԿ-ի դեմ 3 զանգվածային ցույց եղավ Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում, որոնց մեկ միլիոնից ավելի մարդիկ էին հավաքվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---