14 հոկտեմբերի 2016 - 11:59 AMT
Մոսկվան վավերացրել է Սիրիայում ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Սիրիայի տարածքում ՌԴ ՌՏՈւ ավիացիոն խմբի տեղակայման մասին Մոսկվայի և Դամասկոսի միջև համաձայնագիրը վավերացնելու մասին:

«Դաշնային օրենքով վավերացվում է Սիրիայի տարածքում ՌԴ ՌՏՈւ ավիացիոն խմբի տեղակայման մասին ՌԴ և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև 2015թ. օգոստոսի 26-ի համաձայնագիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կրեմլում նշել են, որ փաստաթուղթը կանոնակարգում է Սիրիայում ռուս զինվորականների գտնվելու պայմանները: Մասնավորապես, նշվում է, որ ավիախումբը Սիրիայի տարածքում է գտնվում Դամասկոսի խնդրանքով և տեղակայված է Լաթաքիայի Հմեյմիմ օդանավակայանում, որն իր բոլոր ենթակառուցվածքներով և անհրաժեշտ տարածքով անհատույց հանձնվել է ՌԴ օգտագործման:

Հոկտեմբերի 12-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել էր Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ռուս ռազմական խորհրդականներն ու մասնագետները շարունակում են աշխատանքը Սիրիայում` գործնական ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելով սիրիական բանակին: