ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գեղարքունիքում հերթական տունն է կառուցվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գեղարքունիքում հերթական տունն է կառուցվել

PanARMENIAN.Net - Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ գործակցության արդյունում 192 մարդու բնակարանային խնդիրը լուծվել է:

Բնակարանաշինության համատեղ ծրագիրը շարունակում է օգնել Հայաստանի տասը մարզում բնակվող, տան կարիք ունեցող ընտանիքներին: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները, դարձյալ կամավորականության սկզբունքով, շինարարական աշխատանքների են մասնակցել: Այս անգամ նրանք Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում պատերի ծեփամածկման աշխատանքներ են կատարել Ստեփանյանների կիսակառույց տանը:

Ստեփանյանների ընտանիքը, որը 17 տարի բնակվել է մետաղական տնակում՝ դոմիկում, բնակարանաշինության ծրագրում այս տարի ընդգրկված՝ Գեղարքունիքի մարզի 3 ընտանիքից մեկն է:

«Երեք երեխաներիս մանկությունն ու պատանեկությունն անցել են մետաղական պատերի ներսում, ուր սարսափելի ցուրտ ձմեռներ ենք անցկացրել: Փոքր որդիս՝ Սամվելը, ծնվել է այս դոմիկում: Տասը տարուց ավելի է, որ սկսել ենք տան շինարարությունը: Եթե չլիներ ձեր օգնությունը, մենք երբեք այս տունն ավարտին չէինք հասցնի: Բառեր չեմ գտնում՝ հայտնելու երախտագիտությունս»,- ասել է ընտանիքի մայրը՝ Անին:

«Ամենակարևոր արժեքը մարդն է: Մեր բոլոր ծրագրերի գնահատման միավորը մեր համաքաղաքացիների գոհունակությունն է: Եթե այդ ցուցիչը կա, ուրեմն ծրագիրն արդարացված է: Իսկ այդ գոհունակությունը ձևավորվում է բազմաշերտ գործոնների համադրությամբ: Բավական չէ որպես բիզնես հասարակությանը միայն առաջարկել ապրանք: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ, նորարարական լուծումներ, շուկայում պահպանում ենք առաջատարի մեր դիրքերը՝ զուգահեռաբար աջակցում ենք խնդիրները հաղթահարելու հարցում: Դա անհատի, հասարակության և երկրի նկատմամբ դրսևորվող պատասխանատու մոտեցում է:

Տարիների իրենց երազանքին հասած բոլոր ընտանիքները ձեռք են բերել ոչ միայն նյութական արժեք՝ բնակարան, այլև ապագան հավատով ապրելու վստահություն, միմյանց խնդիրներին արձագանքելու, դրանք լուծելու պատրաստակամություն և այլն: Հաճելի է արձանագրել, որ մեր կազմակերպության՝ տարիների ռազմավարությունն այսօր սկսում է որպես արժեհամակարգ ձևավորվել նաև այլ ընկերություններում և միջավայրում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կազմակերպությունների ղեկավարները այցելել են նաև նույն մարզի Զոլաքար համայնք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա Դավիթ Հայրապետյանի ընտանիքին, ում տունը վերանորոգվել է ծրագրի շրջանակներում:

Հինգ տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրի համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 333 մլն. դրամից ավելի ներդրում է կատարել, ինչի արդյունքում 134 ընտանիքի՝ 672 մարդու կյանք բարելավվել է: 2016թ.-ին 41 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը. 20 ընտանիք վերանորոգել է բնակարանը, 21 ընտանիք՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---