14 հոկտեմբերի 2016 - 12:50 AMT
Ստամբուլի հայկական դպրոցի համար հանգանակվել է $134.000

Ստամբուլի Բեզջիյան հայկական դպրոցի բյուջեի դեֆիցիտը 2016-ին կազմել է 550 հազար թուրքական լիրա (177.000 դոլար): Հիմնադրամի գործունեությունը և բյուջեն ներկայացնելիս այս մասին հայտնել է Գումգափուի հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Հրանտ Մոսկոֆյանը:

«Ակոս» շաբաթաթերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Մոսկոֆյանը հետևյալ կերպ է բացատրել բյուջեում առաջացած դեֆիցիտը. «Նախորդ տարիներին մեր բյուջեում դեֆիցիտ չի առաջացել, սական այս անգամ մեզ մոտ 3 տարվա աուդիտորական ստուգումներ անցկացվեցին և այդ ընթացքում մնացինք սոցապ նախարարության և կրթության նախարարության միջև: Անցյալ տարի մեր դպրոցից հեռացած անձնակազմի և սպասարկման ծախսերի պատճառով բյուջեում նման դեֆիցիտի առաջացավ: Այս հարցում կառավարման որևէ սխալ չկա»:

Փակման խոսքով հանդես է եկել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը: Նշելով, որ համայնքի դժվարությունը շատ են՝ Աթեշյանը հավելել է, որ այդ խնդիրներն ու դժվարությունը միասնաբար պետք է լուծել: Ընթրիքի ժամանակ դպրոցի համար հանգանակվել է 415.000 թուրքական լիրա (134.000 դոլար):

Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական կուսակցությունը» ներկայացնող Սելինա Դողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, Ստամբուլի քաղաքապետի խորհրդական Նադյա Թաշելը, Բաքըրքոյի ավագանու անդամներ Նուրհան Չեթինքայան ու Մարգրիթ Դիքմեն, բարերարներ Արեթ Էգան, Հայկ Արսլանյանը, Էֆրիմ Բաղը և այլք: