14 հոկտեմբերի 2016 - 13:34 AMT
Շարմազանով. Վարչապետն ինքը կորոշի՝ անդամակցել ՀՀԿ-ին, թե՝ ոչ

Նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարը լինելու է առանցքային և բեկումնային: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ կուսակցության և՛ ծրագրում, և՛ կանոնադրությունում փոփոխություններ են սպասվում: Համագումարը, ըստ Շարմազանովի, բեկումնային է լինելու նաև քաղաքական օրակարգի ձևավորման առումով, գրում է Aravot.am-ը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է՝ վարչապետ Կարապետյանն իր թիմով անդամակցի ՀՀԿ-ին, Շարմազանովը պատասխանել է.

«Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է և մշտապես լինում է և՛ արտահոսք, և՛ ներհոսք: Առաջին համագումարը չէ, երբ գործադիր մարմնում եղել են փոփոխություններ: Այդպես է եղել նախորդ երեք համագումարների ժամանակ, երբ ես, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանը և մի շարք այլ մեր գործընկերներ դարձան գործադիր մարմնի անդամ: Այդպես էր, որ Տիգրան Սարգսյանը դարձավ Հանրապետական և գործադիր մարմնի անդամ, այդպես էր, որ Վահրամ Բաղդասարյանը դարձավ գործադիր մարմնի անդամ: Ինչ վերաբերում է պարոն վարչապետին, նա, այո՛, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմի լիարժեք անդամ է, բայց ինչ վերաբերում է կուսակցությանն անդամակցելուն կամ չանդամակցելուն, դա իր որոշելու հարցն է. Հանրապետական կուսակցությանը Կարեն Կարապետյանի անդամակցելու խնդիրը կորոշի Կարեն Կարապետյանը»,- ասել է Շարմազանովը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր կառավարությունը ձևաևվորելիս չի առաջնորդվել թեկնածուի կուսակցական պատկանելությունից: Սեպտեմբների 14-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում նա հայտարարել էր, թե նոր կառավարությունը ձևավորվելու է պրոֆեսիոնալներից:

«Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիանլ կլինի: Կառավարության ձևավորման գործում թեկնածուի կուսակցական պատկանելությունը դերակատարություն կունենա միայն մի դեպքում, եթե այդ թեկնածուն պրոֆեսիոնալ է: Այդ դեպքում նա կմասնակցի կառավարության աշխատանքին»,-ասել էր Կարապետյանը: