24 հոկտեմբերի 2002 - 22:45 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Ադրբեջանը դիմել է ԱՄՆ-ին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարագվորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ակտիվացնելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ հանդիպումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, Իլհամ Ալիեւը ծանոթացրել է ամերիկյան կողմին Արեւմուտք Կասպիան տարածաշրջանի էներգապաշարների փոխադրման նախագծերի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Ադրբեջանը Մինսկի խմբից նոր արդարացի առաջարկություններ է ակնկալում, որոնք ընդունակ են դրական դեր խաղալու խնդրի կարգավորման գործում», - հայտարարել է Ի.Ալիեւը: