14 հոկտեմբերի 2016 - 15:51 AMT
ՄԱԿ ԱԽ-ն աշխատում է Սիրիայի գծով Նոր Զելանդիայի ներկայացրած բանաձևի վրա

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն աշխատում է Սիրիայի գծով Նոր Զելանդիայի ներկայացրած բանաձևի վրա: Այդ մասին են հայտնել կազմակերպության դիվանագետները: Փաստաթուղթը կարող է փոխզիջումային լինել Հալեպում իրավիճակի վերաբերյալ երկու նախորդ նախաձեռնությունների ձախողումից հետո:

ՄԱԿ-ում Նոր Զելանդիայի մշտական ներկայացուցչությունում հայտնել են, որ բանաձևի նախագիծը շրջանառության մեջ է դրվել ԱԽ-ում, հայտնում է ՌՒԱ Նովոստին:

Բանաձևը պահանջում է «վերջ տալ գրոհներին, որոնք խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դառնում և քանդում են Սիրիայի, մասնավորապես Հալեպի, քաղաքացիական ենթակառուցվածքները»: Դիվանագետները նաև առաջարկել են 48-ժամյա հումանիտար դադարներ կիրառել, բուժտարհանում իրականացնել և վերսկսել քաղաքական գործընթացը:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը հնարավոր է համարել բանաձևի քվեարկությունն արդեն հաջորդ շաբաթ: Նա հայտարարել է, որ սատարում է նորզելանդական բանաձևին: «Կարծում եմ, Խորհրդի անդամների մեծ մասը կսատարի դրան, և եթե Ռուսաստանը ևս հավանություն տա, բանաձևը կընդունվի»,-ասել է նա:

Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է: