Սոկոլովը՝ Սարգսյանին. Կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը նոր հնարավորություն է տնտեսության զարգացման համար

Սոկոլովը՝ Սարգսյանին.  Կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը նոր հնարավորություն է տնտեսության զարգացման համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպման սկզբում Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ այսօր առավոտյան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին օպերատիվ օգնություն տրամադրելու և հինգ զոհ ու երկու տասնյակից ավելի վիրավորների պատճառ դարձած ողբերգական այդ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքների վերացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

«Ես՝ որպես ՌԴ տրանսպորտի նախարար, այդ պատահարի հետ կապված ամեն ինչ անձամբ պահում եմ իմ վերահսկողության ներքո, ներգրավված են ինչպես ԱԻՆ, այնպես էլ բոլոր անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ Առողջապահության նախարարության: Այս պահին բոլոր վիրավորները գտնվում են Վլադիկավկազի և Բեսլանի հիվանդանոցներում, նրանց մատուցվում է որակյալ բժշկական օգնություն: Կանենք ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնենք ճանապարհատրանսպորտային այս պատահարի հետևանքները»,-նշել է Սոկոլովը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային երևանյան հերթական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ համախմբող այդ միջոցառումը:

«Մեր պետությունները միավորվել են մեկ տնտեսական տարածքում, և ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը ստեղծում է նոր հնարավորություններ երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Հենց այդպիսի նոր հնարավորությունների բացահայտման նպատակով ենք մենք այս օրերին անցկացնում նաև Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

ՌԴ տրանսպորտի նախարարը և նրա գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ՌԴ նահանգապետերը նույնպես բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված ու հաջողությամբ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ խորհրդանշական համարելով, որ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը ևս այս օրերին անցկացվում է Հայաստանում: Նրանք հույս են հայտնել, որ այդ ձևաչափը ևս արդյունավետ հարթակ կդառնա տնտեսությունների մերձեցման, բոլոր ուղղություններով համագործակցության համար:

Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Կարդացեք նաև՝ Սոկոլով. Աշխատում ենք դյուրացնել ՌԴ-ից ՀՀ Վերին Լարսով բեռնափոխադրումները

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---